Հայաստանում կրթությունը մատչելի է, կյանքը՝ թանկ. հնդիկ ուսանողները՝ Հայաստանի ու հայերի մասին
Վերջին տարիներին Հայաստանում, ավելացել է այլազգի ուսանողների թիվը: Tert.am-ը զրուցեց հնդիկ ուսանողներից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչ կարծիքի են Հայաստանի ու հայերի մասին։
Մեր առաջին զրուցակից Ֆադիլը, ով երկու տարի է՝ ապրում է Հայաստանում, նախընտրել է սովորել այստեղ` մատչելի լինելու պատճառով: Նա սիրում է հայերին ու կարծում, որ մենք բարի ազգ ենք. միակ հանգամանքը, որին չի հարմարվում Հայաստանում, ձմեռն է` ձնառատ ու ցուրտ:
Ուսանողուհիներ Սաֆան և Քայելին արդեն երկու հայ ընկերներ ունեն:
«Նրանց հետ շփվում ենք անգլերենով, մեկ-մեկ էլ՝ հայերենով: Սովորել եմ «բա´րև, ո՞նց եք, ինչպե՞ս եք» ասել: Հաճախ միացնում եմ հեռուստացույցը, դիտում հումորային հաղորդումներ, բայց չեմ հասկանում կատակները: Սիրում եմ Հայաստանը, բայց կլիման` ոչ: Այստեղ ապրելն ավելի դժվար է, ամեն ինքը թանկ է: Չեմ սիրում նաև՝ հայկական սնունդը,միայն լավաշ ու շաուրմա»,–ասաց Սաֆան:
Քեյլին էլ ավելացրեց.«Այստեղի հնդկական ռեստորաններում սնունդը ոչ միայն թանկ է, հետն էլ՝ համեղ չէ: Մեր առօրյա ուտելիքները պատրաստում ենք ինքներս`տանը»:
Պարզվում է` ոչ բոլոր հնդիկներն են անտարբեր հայկական խոհանոցի նկատմամբ: Փոլը, ով դժվարությամբ, բայց գեղեցիկ խոսում է հայերեն, պաշտում է հայկական խորովածը.«Այստեղ հաճույքով եմ ապրում: Երևանի իմ ամենասիրելի վայրերը Հանրապետության հրապարակն ու Օպերայի բակն են: Սիրում եմ նաև այստեղի ձմեռը, ձյունը շատ գեղեցիկ է: Հասցրել եմ ընկերներ ձեռք բերել: Ճի´շտ է, միմյանց հետ հաղորդակցվելը դժվար է, որովհետև ես մի փոքր հայերեն գիտեմ, նրանք էլ` մի փոքր անգլերեն, բայց ստացվում է: Կարծում եմ, որ հայերի ամենամեծ խնիրներից մեկը անգլերենին չտիրապետելն է»:
Ըստ Փոլի` մի խնդիր էլ կա` հայերն օտարազգիներին շատ բաներ թանկ են վաճառում.«Մի օր հայ ընկերոջս խնդրեցի մտնել ու հարցնել, թե ինչ արժի հավանածս հագուստը, նրան կրկնակի էժան գին ասացին, քան՝ ինձ»։
«Երբ դեռ նոր էի եկել Հայաստան, չէի հարմարվում. ամեն օր տեսնում էի ինձ ուշադիր զննող մարդկանց: Երևի պատճառը մեր ազգային հագուստներն են: Համալսարանում պատկերն այլ է. շատ են հայրենակիցներս: Բացի այդ՝ մեր ֆակուլտետն էլ զարդարված է տարբեր երկրների դրոշներով ու քարտեզներով, որպեսզի մեզ ավելի հարմարավետ զգանք»,- պատմեց ուսանողուհի Պրիան:










