ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նամակ է հղել Բիձինա Իվանիշվիլիին

14:59 • 14.12.13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին համագործակցության համար, որը տեղի է ունեցել այս տարվա ընթացքում, տեղեկացնում է Грузия online-ը։

 

«Ես գնահատում եմ Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին Ձեր նվիրվածությունը»,-ասված է Ռասմուսենի նամակում, որը հասցեագրված է Իվանիշվիլիին և տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

 

Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքով՝ Իվանիշվիլիի վարչապետության տարիներին շարունակվել են բարեփոխումները, և երկիրը հասել է զգալի հաջողությունների։


Դրան զուգահեռ՝ ՆԱՏՕ-ն վստահություն է հայտնում, որ Վրաստանի նոր վարչապետն ու կառավարությունը, ընդդիմության հետ համագործակցելով, կզարգացնեն Բիձինա Իվանիշվիլիի ձեռքբերումները։


«Նման ջանքերն ավելի կամրապնդեն ժողովրդավարությունը Վրաստանում և առաջընթաց կապահովեն վրացի ժողովրդի եվրատլանտյան ձգտումներում։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ հետագա գործունեության մեջ»,-գրել է Ռասմուսենը։