Պետք է անել հնարավորը՝ Սիրիայի կառավարության և հայրենասեր ընդդիմության դաշինքի ձևավորման համար. Լավրով

17:19 • 14.12.13

Անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ Սիրիայում կառավարության և հայրենասեր ընդդիմության միջև դաշինք ձևավորելու համար՝ ընդդեմ ահաբեկիչների, որոնք ողջ աշխարհից Սիրիա են գալիս՝ իրականացնելու իրենց չարամիտ գաղափարները. այդ մասին, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Այժմ, երբ Ժնևյան համաձայնագրի կնքումից մեկուկես տարի է անցել, մեր բոլոր զրուցակիցները՝ ներառյալ արևմտյան, զրույցներում անկեղծորեն ասում են, որ հիմնական սպառնալիքը համարում են ոչ թե Ասադի ռեժիմը, ինչպես առաջ ասում էին հրապարակավ, այլ ջիհադականների կողմից Սիրիայի գրավումը»,- նշել է նախարարը։

 

Լավրովը նշել է, որ համաժողովի իրագործման բանակցությունների ընթացքում իրենք առաջնային տեղ են հատկացնում այդ խնդրին և նշում են, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ կառավարության և հայրենասիրական ընդդիմության միջև դաշինքի ստեղծման համար՝ ընդդեմ դրսից ներթափանցած ահաբեկիչների։

 

Նա ասել է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Ջաբհաթ ան-Նուսրա», «Իրաքի և Լևանտայի իսլամիստական պետություն» և այլ խմբավորումներ հաճախ կռվում են նաև միմյանց դեմ։