ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանից պահանջել է ճնշում չգործադրել Ուկրաինայի վրա

13:29 • 14.12.13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին պահպանել հիմնարար ժողովրդավարական ազատությունները և հրաժարվել ուժի կիրառումից, գրում է rosbalt.ru-ն։

 

«Ես կոչ եմ անում ուկրաինական իշխանություններին հետևել այնպիսի տարրական քաղաքացիական իրավունքներին, ինչպես կարծիք հայտնելու և հանրահավաքներ անցկացնելու իրավունքն է։ Մենք ակնկալում ենք, որ Կիևում կառավարությունը կառուցողական երկխոսություն կվարի ընդդիմության հետ՝ խաղաղ լուծում գտնելու նպատակով»,- ասել է Ռասմուսենը։

 

Միևնույն ժամանակ նա կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ ՆԱՏՕ-ն անհանգստացած է դաշինքի գործընկեր երկրում բռնության դեպքերից:

 

Անդերս ֆոգ Ռասմուսենը նաև Մոսկվայից պահանջել է ճնշում չգործադրել Ուկրաինայի վրա։ Նրա խոսքով` Կիևը պետք է ինքնուրույն, առանց արտաքին ճնշման որոշի, թե որ միությանն է ցանկանում անդամակցել։ Ռասմուսենը հիշեցրել է, որ Ուկրաինան որոշել է չանդամակցել ոչ մի ռազմական միության, սակայն ՆԱՏՕ-ն պայմանագրեր ունի այդ երկրի հետ։