Նոր տարում՝ նոր Հայաստան. Նախախորհրդարանը կստեղծի հիմնադիր խորհրդարան (տեսանյութ)
Նախախորհրդարանի նախաձեռնությամբ այսօր Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեցին ազգային-ազատագրական շարժման «գործնական փուլի հրապարակային միջոցառումները»:
«Նախախորհրդարանը կուսակցություն չէ, այլ ազգային-քաղաքական նախաձեռնություն» հայտարարությամբ շարժման անդամներն իրազեկման երթ անցկացրեցին մայրաքաղաքի փողոցներում՝ խոստանալով, որ Նոր տարում արդեն կլինի նոր Հայաստան:
Մինչ իրազեկման երթը սկսելը Նախախորհրդարանի նախագահության անդամները ելույթներ ունեցան Ազատության հրապարակում: Նրանք հայտարարեցին, որ այսօրվանից մեկնարկում է «Ազատագրենք Հայաստանը» շարժումը, ինչի համար իրենք պատրաստվում են ստեղծել հիմնադիր խորհրդարան: «Ստեղծում ենք հիմնադիր խորհրդարան, որն առաջին քայլն է լինելու ռեժիմը և համակարգը տապալելու՝ ժողովրդավարական, ոչ բռնի, անցնցում եղանակով»,-ասաց նախագահության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Վերջինիս վստահեցմամբ՝ շատ շուտով իրենք ժողովրդին կներշնչեն հավատը՝ ստեղծված անհույս իրավիճակից դուրս գալու, և առաջիկա ամիսներին կստեղծվի նոր Հայաստան:
Ազատության հրապարակում զուգահեռ շարունակվում էր նաև Նախախորհրդարանի աջակիցների գրանցումը: Ինչպես նաև այսօր այնտեղ նույն ժամին հանրահավաք էր նախաձեռնել «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինչի մասին Տիգրան Խզմալյանն ասաց. «Իրենք մեր պայքարին չեն խանգարում, շուտով արդեն պայքարող խմբերը կսկսեն իրար մի քիչ էլ խանգարել ֆիզիկապես, հետո արդեն կլինի միավորում»:













