Առատ ձյան պատճառով կոտրվածքների թիվը չի ավելացել. «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ

11:58 • 14.12.13

Առատ ձյուն տեղացող վերջին 4 օրերի ընթացքում շտապօգնությունը ստացել է վնասվածքների 10 կանչ, որոնք եղել են դրսից: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժվարանում է պնդել, որ դրանք ձյան պատճառով են եղել, քանի որ դրանց թիվն իրականում մյուս օրերի համեմատ չի ավելացել:


«Կանչերի թիվը չի շատացել: Միջինում օրական ստանում ենք 600 կանչ: Օրինակ՝ երեկ ստացել ենք 630 կանչ, դրա նախորդ օրը 581, իսկ դրան նախորդ օրը՝ 580: Բայց մենք արդեն շատ վաղուց ենք օրական այդքան կանչ ստանում. սա նորություն չէ, և այստեղ ձյունը կապ չունի»,-ասաց նա:


Թագուհի Ստեփանյանը նշեց, որ սովորաբար կանչերի մեծամասնությունը սիրտանոթային հիվանդությունների դեպքերով են, երկրորդ և երրորդ տեղում՝ կամ կոտրվածքները, կամ սուր շնչառական ինֆեկցիաները: «Տրավմաներ միշտ էլ լինում են: Այնպես չէ, որ ձյունը եկավ, և մենք ունեցանք տրավմա: Բնական է, որ փողոցի դեպքերը մի փոքր ավել են լինում, բայց հիմնականում նույնն է: Ամռանն էլ ենք ունենում կոտրվածքների կանչեր»,-ասաց նա: