«ՀայՌուսգազարդի» մեղքով «Ալիշան» պահածոների գործարանը փակման վտանգի տակ է. սեփականատեր
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի չկանոնակարգված գործառույթների հետևանքով Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերությունը հայտնվել է կործանման եզրին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Ալիշանի» հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը:
Նա նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Ալիշանում» իրականացվել են տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործողություններ, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել են գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի:
«Այս վերջին տարիներին գործարանը ոտքի վրա պահելը դժվարացել է, ցավոք սրտի, չորս, հինգ ամիս առաջ իմացել ենք, որ գազի վճարումներն անօրինական ձևով է գանձել «ՀայՌուսգազարդը»: Ես պահանջել եմ վերանայել, բայց դրա փոխարեն եկել են ու գազն անջատել: Մասնագետ եմ հրավիրել, ով հաշվարկել է իմ ծախսերը, և տեսել ենք, որ ես ավելի շատ եմ վճարել: Իսկ ընկերությունից նամակիս պատասխանել են, որ ճնշումը կմեծացնեն, բայց մեր կաթսաները չեն կարող դիմանալ այդ ճնշմանը»,- բացատրեց նա:
Սերժիկ Մոսեսյանի փոխանցմամբ՝ առանց իրենց տեղեկացնելու «ՀայՌուսգազարդը» բարձրացրել է գազի ճնշումը, գործարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ երկու աշխատող է եղել կաթսայատանը, և, բարեբախտաբար, նրանք չեն տուժել:
«Ես պահանջում եմ վերականգնել և վերանայել իմ իրավունքները: 2000թ.-ին ամեն ինչ թողել և եկել եմ Հայաստան, գործարան հիմնել, հիմա պիտի փակեմ, թողնեմ գնամ»,- ասաց Սերժիկ Մոսեսյանը։
Նա կոչ արեց ՀՀ նախագահին գնալ և տեսնել, թե ինչ են անում ժողովրդի հետ. «Ի՞նչ անեմ, ես էլ փակե՞մ գնամ երկրից: Էս ճգնաժամին գազը թանկացնում են, ու ինձնից կրկնակի փող են վերցնում»:
«Ալիշան» ընկերությունը 50-60 աշխատող ունի, և ընկերության սեփականատերը մտահոգություն հայտնեց նաև նրանց աշխատանքի համար, քանի որ եթե ինքը փակի գործարանը, ապա այդ մարդիկ էլ կդառնան գործազուրկ։
«Արդեն դանակը հասել է ոսկորին, այս հարցը պետք է լուծում ստանա, այստեղ արդեն այն հարցն է, թե ես կարողանալու եմ ապրել Հայաստանում և աշխատել, թե ոչ»,– ասաց նա:
Tert.am–ին չհաջողվեց կապնվել «ՀայՌուսգազարդի» հետ։










