Կանադայի հետախուզությունը տեղեկություններ ունի Սոչիում ահաբեկչությունների սպառնալիքների մասին
Ահաբեկիչ Դոկու Ումարովը կարող է ահաբեկչություն իրականացնել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The National Post-ին, որը վկայակոչել է կանադական հետախուզության փաստաթղթերում առկա տեղեկությունները:
Թերթի ստացած գաղտնի զեկույցում ասվում է, որ ահաբեկիչ Դոկու Ումարովը կոչ է արել տապալել «սատանիստական» խաղերը, որոնք տեղի են ունենալու «մեր հողում թաղված մեր նախնիների ոսկորների վրա»:
Օլիմպիադան ահաբեկչական սպառնալիքների է բախվում 1972 թվականից, երբ պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը 11 իսրայելցի մարզիկի սպանեց Մյունխենում ամառային խաղերի ժամանակ:
Թերթը նշում է, որ անվտանգությունը հատուկ մտահոգության հարց է Սոչիում, իսկ ռուսական կառավարությունը հայտարարել է, որ երաշխավորում է անվտանգությունն Օլիմպիական խաղերի ժամանակ: Սակայն կանադական զեկույցը ցույց է տալիս, որ Սոչիում անվտանգությանը մարտահրավեր է նետված, գրված է հոդվածում:










