Պուտինի ու Յանուկովիչի հանդիպմանն Ուկրաինայի՝ ՄՄ-ին միանալու մասին փաստաթուղթ չի ստորագրվի
Ուկրաինայի արտգործնախարարությունից հայտնել են, որ երեքշաբթի Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հանդիպման շրջանակներում Կիևի՝ Մաքսային միությանն անդամակցության կամ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի։
Ինչպես հայտնում է korrespondent.net կայքը, Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Օլեֆիրովը տեղեկացրել է, որ կստորագրվեն հուշագրեր, մտադրությունների մասին արձանագրություններ, որոնք, սակայն, չեն վերաբերում Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցելուն։
Պաշտոնյան հավելել է, որ նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվեն բացառապես երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Կայքը հիշեցնում է, որ վաղը Մոսկվայում Պուտինի ու Յանուկովիչի նախագահությամբ կկայանա ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը։










