Ֆրանսիայում վաճառել են ձիու միս, որի վրա դեղերի փորձարկումներ են իրականացվել
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 մարդու նոր հետաքննության շրջանակներում, որը կապված է խանութներում ապօրինի ձիու մսի հայտնվելու հետ: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ France-Presse գործակալությանը հղումով, վաճառքում հայտնվել է միս, որի վրա նախկինում դեղամիջոցներ են փորձարկել:
Ըստ ֆրանսիական իրավապահ մարմինների՝ պարզվել է, որ հարյուրավոր ձիեր, որոնց թվում կային դեղագործական Sanofi-ի ընկերությանը պատկանող կենդանիներ, սպանդանոցներին վաճառվել են կեղծ անասնաբուժական փաստաթղթերով:
Ֆրանսիական ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 անասնաբուժ և մի քանի առևտրական: Ոստիկանությունը գտնում է, որ ապօրինի առևտրի ցանցի կազմակերպիչը երկրի հարավում գտնվող Նարբոնն քաղաքի ընկերություններից մեկն է:
Իսկ Sanofi ընկերությունը նշել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ «հնարավոր խարդախության» գործով: Ընկերության ղեկավարությունը խոստովանել է, որ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 200 ձի է վաճառել անասնաբուժական քոլեջներին, ձիաբուծության կենտրոններին և անհատ անձանց:
Ոստիկանության աղբյուրը նշում է, որ ձիերն օգտագործվել են նոր՝ դեռևս վաճառքում չհայտնված դեղամիջոցների փորձարկման համար, սակայն դա չի նշանակում, որ միսը վտանգավոր է սպառնողների համար:










