Համոզված ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում 3-րդ երկիր գնալ. ԱԿԱՀԽ
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» (ԱԿԱՀԽ) ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանն այսօր կայացած ասուլիսին խորհրդի անունից հայտարարեց, որ իրենք համոզված են՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում երրորդ երկիր գնալ:
«Նրա վրա շատ ճնշումներ են գործադրել երրորդ երկիր գնալու համար, սակայն մեր Պաշտպանության նախարարությունն ասաց, որ այնպես են անելու, որ մեր զինվորը վերադառնա Հայաստան»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք բացառում են երրորդ երկիր գնալու ցանկությունը, որովհետև տղայի հարազատները նույնպես բացառում են:
ՀԿ նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են յուրաքանչյուրի համար քայլեր ձեռնարկել, իհարկե, Կարմիր խաչի գործն էլ հեշտ չէ, ու իրենք պատրաստ են նրանց էլ հնարավորինս աջակցել:
Ինչ վերաբերում է անհայտ կորած ազատամարտիկներին, ապա Ռիմա Առաքելյանը նկատեց, որ հակառակորդը չի ցանկանում իրենց հետ համագործակցության գալ. «Ոչ մի լուրջ արդյունքի չենք հասնում, քանի որ մինչև հակառակորդը չգա մեզ հետ համագործակցելու, դա անհնար է»:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից մոտ 400 անհայտ կորած զինծառայող կա, մոտ 600 էլ՝ Լեռնային Ղարաբաղից: Նրանցից ընդամենը 90 հոգու ողջ լինելու մասին տեղեկություններ կան: Իսկ Հայաստանում ադրբեջանցի գերի չկա, հայկական կողմը բոլորին վերադարձրել է:










