Երբ մտնում ես մեկի փեշի տակ՝ գլխից զրկվում ես. Հարություն Մեսրոբյանը ՄՄ-ին անդամակցելու մասին

09:04 • 16.12.13

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի, Մաքսային միությանն անդամակցելու մասին, հատկապես՝ դրանք գնահատելով կառավարման տեսանկյունից, ասում է, որ, որպես կանոն, տարբեր անձինք խոսում են միայն այն մասին, թե ինչ սպասելիքներ մենք ունենք: Սակայն, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ինչ սպասելիքներ ունենք ու ինչ գնով, և, հետևաբար, ի՞նչ կորուստներ են մեզ սպասվում:Ըստ փորձագետի՝ մենք խորացած ենք պերմանենտ ճգնաժամի մեջ: Պետք է օր առաջ խելքներս գլուխներս հավաքենք:


– Պարո՛ն Մեսրոբյան, Մաքսային միությանն անդամակցությունն ի՞նչ կտա Հայաստանին։


- Այդ հարցը ես կներկայացնեի այսպես.  ի՞նչ սպասելիքներ ունենք ու ի՞նչ գնով, և ի՞նչ կորուստներ են մեզ սպասվում: Ա՛յ, եթե նման հարցերի պատասխանը մենք ունենանք, այն ժամանակ կարող ենք գնահատել իրավիճակը: Իսկ երբ խոսում են միայն այն մասին, թե ինչ սպասելիքներ ունենք, դա նշանակում է, որ տարբեր քաղաքական կամ քաղաքացիական գործիչներ ուղղակի ուզում են դրական կամ բացասական PR անել Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցությանը:


Իսկ թե ի՞նչ գնով, ապա այստեղ խոսքը միայն սուվերենության մասին է: Եթե գինը մեծ է լինում, իսկ ես վստահ եմ, որ մեծ է լինելու, սա նշանակում է, որ բոլոր այն հանգուցային խնդիրները, որ մենք ունենք, ներառյալ՝ Արցախի խնդիրը, ուղղակի լրացուցիչ վտանգի տակ ենք դնում: Առանց այն էլ Հայաստանը տարեցտարի թուլացնում է իր անկախությունը, այժմ էլ ստացվում է, որ մենք շարունակում ենք այդ ճանապարհը: Փաստորեն, 1991 թվականից, ամեն մի հաջորդ տարում մենք ավելի թույլ պետություն ենք դառնում, և ո՛չ միայն արտաքին աշխարհի համար, այլ՝ ներսում էլ:


-Մաքսային միությո՞ւն, թե եվրոպական ընտանիք: Ըստ Ձեզ, ո՞րն է ճիշտը:


-Ռուսների մոտ ասացվածք կա՝ երկու չարիքների միջև ընտրում են փոքրագույնը, անգլոսաքսերի մոտ այլ ասացվածք է, որը միանշանակ հոգեհարազատ է իմ մտքին: Նրանք երկու չարիքից չեն ընտրում ոչ մեկը: Այդ ձևակերպումն ապացույց է ստրուկի հոգեբանություն չունենալը, որովհետև երբ մենք սկսում ենք ընտրել, թե որտեղ մտնենք, սա նշանակում է, որ մենք արդեն պատրաստ ենք գոնե կիսով չափ հանձնվել: Իսկ երբ սկսում են խոսել, թե ինչպես կարելի է ժամանակակից աշխարհում առանց ինտեգրացիոն գործընթացների առաջ ընթանալ, այդ խելոքներին ուզում եմ ասել, որ ինտեգրացիոն պրոցեսը չի ենթադրում, որ դու բացառապես մտնում ես ուրիշի փեշի տակ: Ինտեգրացիոն պրոցեսը շատ լավ կարող է լինել հորիզոնական:


Կարող եմ բերել Շվեյցարիայի օրինակը; Շվեյցարիան գտնվում է Եվրոպայի մեջտեղում և ոչ մի դաշինքների մեջ չի մտնում: Արդյունքն այն է, որ 19-րդ դարի սկզբից Շվեյցարիայում ոչ մի պատերազմ չի եղել, իսկ Եվրոպան երկու համաշխարհային պատերազմ տեսավ, Նապոլեոնի արշավանքները տեսավ: Այս ամեն ինչը շրջանցեց Շվեյցարիային, որովհետև երբ դու հորիզոնական հարաբերություններ ունես, ապա քո գլուխը քո ուսերի վրա է: Իսկ երբ մտնում ես մեկի փեշի տակ, դու գլխից զրկվում ես և նայում տիրոջ գլխին: Ընդհանրապես, եթե մենք որոշել ենք տեր լինել մեր ներկային ու ապագային, մենք պետք է գնանք բացառապես հորիզոնական հարաբերությունների, իսկ մեր մեջ այդ ստրկամտությունը պետք է դուրս շպրտենք: Ի վերջո, եթե հաշվեկշիռը նայենք, դա նշանակում է սեփական սուվերենության զգալի մասի հանձնում, իսկ հպարտ պետությունը սուվերենությունը չի հանձնում երբեք:


- Դուք Շվեյցարիայի օրինակն եք բերում, իսկ մեր իշխանությունները Մաքսային Միությանն անդամակցելը կարևորում են նաև նրանով, որ Հայաստանի համար տնտեսապես ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն:


- Էլի մի պահ կանդրադառնամ Շվեյցարիային: Շվեյցարիայում այդ ճգնաժամը ամենամեղմն է եղել Եվրոպայում: Թող տարատեսակ փեշերի տակ մտնելու ջատագովները նայեն դա։ Բացի այն, երբ դու մտածում ես տնտեսության մասին, ինչն է խանգարում առանց ոչ մի դաշինքի ուղղակի մաքրել Հայաստանն օլիգարխիկ տնտեսությունից, որտեղ տարբեր հաշվարկներով մինչև 80 տոկոս ստվեր կա: Իսկ եթե այդ ստվերն իսկապես մաքրվի, սա նշանակում է, որ մեր բյուջեն մինչև 5 անգամ կարող է մեծանալ: Մենք մեր ռեսուրսները թողած, սկսում ենք նոստրադամուսությամբ զբաղվել: Ֆինանսների և տնտեսության մեջ չկա փող՝ որպես հիմք, պետք է եղածը մաքսիմալ օգտագործել: Եթե մենք մինչև 80 տոկոս ստվերը հանդուրժում ենք այս սահմանների մեջ, սա նշանակում է, որ մենք փնթի տնտեսվարող ենք: Իսկ եթե մենք փնթի տնտեսվարող ենք, ուրեմն նշանակում է, որ որտեղ էլ մտնենք, ինչ դաշինքների հետ էլ համագործակցենք, կմնանք փնթի տնտեսվարող:


-Հայաստանի ներկայիս իրավիճակը կառավարման տեսանկյունից որքանո՞վ է արդյունավետ:


-Մեր քաղաքական դաշտը 20 տարվա մեջ ցույց տվեց իր բացահայտ սնանկությունը: Դա նպաստեց նրան, որ ժողովուրդը դարձել է լրիվ անտարբեր, որովհետև այդ կուրծք ծեծող քաղաքական գործիչները կամ կուսակցություններն, ի վերջո, տարատեսակ դաշինքներ են կազմում այս կամ այն ուժերի հետ, այդ թվում՝ իշխանական: Հետևապես, կուսակցություն բառն արդեն շատ մարդկանց մոտ ուղղակի ալերգիա առաջացնող բացասական էմոցիաների է արժանանում:


-Իսկ քաղաքացիակա՞ն դաշտը:


-Երբ կուսակցական դաշտը սկսեց վերջնականապես դե ֆակտո քայքայվել, տրամաբանորեն ասպարեզ իջան քաղաքացիական նախաձեռնությունները: Մեկնարկը բավական խոստումնալից էր՝ «Թռչկան», հետո՝ «Մաշտոցի պուրակ»։ Թվում էր, թե տրամաբանությունը պետք է շարունակվի և թափ հավաքի, բայց դժբախտաբար մենք ունենք մի անեծք՝ բացասական ընտրասերում: Դա այն վիճակն է, երբ ցանկացած կառույցում ինչքան բարձր է քո դիրքը, այդքան մեծ է հավանականությունը, որ անարժանին կհասնի այն:


Այդ բացասական ընտրասերումը չշրջանցեց նաև մեր քաղաքացիական դաշտը, և հիմա, փաստորեն, և՛ իշխանության բուրգում, և՛ քաղաքական դաշտում, և՛ քաղաքացիական դաշտում բացարձակապես հաղթեց բացասական ընտրասերումը: Քանի որ 20 տարվա մեջ սպառվեց քաղաքական դաշտը, սա վտանգ է, որ 2 տարվա մեջ կսպառվի նաև քաղաքացիականը: Այդ բացասական ընտրասերումն այնքան է խորացել, որ, ըստ էության, կազմաքանդման պրոցեսները մեզ մոտ արագանում են:


Իսկ դրա ապացույցներից մեկն էլ նաև այն է, որ ժողովուրդը զանգվածաբար չի միանում քաղաքացիական ընդվզումներին: Որովհետև ինքը չի հավատում մարդկանց, որոնք բոլորից շատ են կուրծք ծեծում, չի հավատում, որ նրանք ինչ-որ ձևով որակապես կտարբերվեն քաղաքական դաշտից և իշխանության ներկայացուցիչներից:


Եվ, այս պայմաններում, երբ սկսում են ժողովրդին մեղադրել, ես կարծում եմ, որ դա առնվազն անբարոյական է: Ժողովուրդն այն պահից, երբ կզգա, որ դրոշը բարձրացնում են մարդիկ, որոնք և՛ մաքուր են, և՛ իրենց հետագիծն է մաքուր, և ինչու չէ, իրենք պատրաստ են կյանք տալ ժողովրդի համար, այդ ժամանակ ժողովուրդը ոտքի կկանգնի; Քանի ժողովուրդը ոտքի չի կանգնում, դա ամենամեծ ապտակն է թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական դաշտին: Չեն կարողանում լավ գործ անել, ու մեղադրում են, թե ինչու ժողովուրդը չի միանում իրենց:


-Որպես հետևություն, ի՞նչ է մեզ սպասվում:


-2009 թվականի սկզբին ես կառուցեցի Հայաստանի ճգնաժամի կորը: Կառավարման մեջ կա նման մեթոդաբանություն; Երբ այդ կորը կառուցեցի, հետևյալ արդյունքը եղավ՝ ամենավատ սցենարը՝ մինչև 2014թ. աշունը, իսկ ամենալավ սցենարը՝ մինչև 2016թ. աշունը Հայաստանին սպասվում են ցնցումներ: Թե ինչ բնույթի ցնցումներ են լինելու՝ չեմ կարող ասել: Բայց դրանք կառաջանան ինչ-որ առիթներից: Պատճառներն արդեն կան. մենք խորացած ենք պերմանենտ ճգնաժամի մեջ: Պետք է օր առաջ խելքներս գլուխներս հավաքենք: Իսկ թե ցնցումներն ինչ տեսքի են լինելու, չեմ կարող ասել, բայց այն կարող է այնպես լինել, որ վտանգի նույնիսկ մեր պետականությունը: Միայն ֆորսմաժորային կամ աշխարհով մեկ շատ ավելի մեծ չծրագրավորած երևույթը կարող է ինչ-որ ձևով  թուլացնել այդ կանխատեսումը: