Իտալուհին կարող է դատարանի առաջ կանգնել՝ ոստիկանի համբուրելու համար
Իտալացի ցուցարար ուսանողուհին կարող է դատարանի առաջ կանգնել՝ ոստիկանի համբուրելու համար։ Լուսանկարը, որտեղ նա համբուրում է ոստիկանության աշխատակցին, տարածվել է համացանցում և դարձել սիրո և խաղաղության, խաղաղ բողոքի խորհրդանիշ, գրում է Russia Today-ը: Այժմ նրան կարող են սեռական ոտնձգության մեղադրանքներ ներկայացվել:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին Իտալիայի հյուսիսում երկաթգծի կառուցման դեմ բողոքի ցույցի ժամանակ:
20-ամյա ցուցարար Նինա դե Շիֆրն «օգտագործել է պահը համբուրելու, այնուհետ ոստիկանի սաղավարտի երեսկալը լիզելու համար»: Այդ պահը հայտնվել է ֆոտոխցիկում, և լուսանկարը սկսել է արագ տարածվել համացանցում:
Սակայն Իտալիայի ոստիկանական միությունը որոշել է, որ գործողությունն իրականում սեռական ոտնձգություն է և բողոք է ուղարկել Թուրինի դատարան:
«Մենք մեղադրել ենք ցուցարարին սեռական բռնության և պետական պաշտոնյային վիրավորելու համար»,- ասել է Ֆրանկո Մակարին՝ ոստիկանական միության գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ միությունն «ակնկալում է, որ հետաքննություն կսկսվի»:










