Ակունք գյուղում 2 երիտասարդների սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է ռուս-վրացական սահմանին
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի և Տավուշի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վրաստանի իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ռուս-վրացական սահմանային անցակետը հատելու ժամանակ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ծառայողներին է հանձնվել 1983 թ. ծնված Արա Մ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 00.05-ի սահմաններում, Ակունք գյուղի բնակիչ Արա Մ.-ն նույն գյուղում գտնվող ռեստորանի մոտ, ապօրինի ձեռք բերած ինքնաձիգից, կրակոցներ է արձակել Հարություն Հայրապետյանի և Կամսար Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս ստացել են հրազենային վնասվածքներ և մահացել:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է Լուսակունք-Խաչաղբյուր գյուղերի ճանապարհի խաչմերուկում գտնվող ալեհավաքի մոտից: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Արա Մ.-ն ձերբակալված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 13-ին ժամը 03:00-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել էին բերանքսիվայր ընկած նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Կամսար Հակոբյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Դիակից 10մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր АКС 74 ինքնաձիգի 5,45մմ տրամաչափի 8 հատ կրակված պարկուճ:










