«Կյանքը Վիլնյուսով չի ավարտվում», «Հայաստանի օձիքից բռնած կարելի է այսուայն կողմ տանել». կարծիքներ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով քննարկմանը Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Ասոցացման համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումների արդյունքում:
«Մենք այդ մասին արդեն հայտարարել ենք, որ շարունակելու ենք բոլոր բարեփոխումները, հատկապես՝ այն ոլորտներում որտեղ դրանք նախանշված էին: Կյանքը Վիլնյուսով չի ավարտվում: Գիտեք, որ Վիլնյուսից հետո Ռիգայի գագաթնաժողովն է լինելու, այդ պատճառով ամեն ինչ միայն շարունակվում է, ոչ թե՝ ավարտվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ի դեպ, նշենք, որ թեև նախապես հայտարարվել էր, որ քննարկմանը պետք է ներկա լինեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և արտաքին գործերի փոխնախարար Մնացական Զոհրաբյանը, սակայն երկուսն էլ ներկա չէին:
Էրիկաս Պետրիկասը նշեց, որ ներկայումս Եվրոպական միությունը փորձում է օգնել Ուկրաինային ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Քննարկմանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը նշեց, որ Վիլնյուսի գագաթնաժողովը գագաթնակետն էր այն խմորումների, որոնք տեղի են ունենում Հայաստանում վերջին երեք ամիսներին՝ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո:
«Հայաստանի իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խոսում էին «և,և»-ի մասին: Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ հռչակագիր է Վիլնյուսում ստորագրվելու, սակայն ստացվեց մի ողորմելի թուղթ, հայտարարություն՝ շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում: Սեպտեմբերի 3-ը և Վիլնյուսը ցույց տվեցին, որ Հայաստանը սաստիկ թուլացած երկիր է, իր իմունային համակարգով թուլացած է, կներեք, բայց ստացվեց, որ օձիքից կարելի է բռնել տանել այս ու այն կողմ, մինչև անգամ՝ նկուղ»,-ասաց Լևոն Բարսեղյանը:
Նա նաև ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինի Հայաստանում արած այն հայտարարությունը, թե Հայաստանը այնքան արագ է գնում դեպի Մաքսային միություն, որ չեն հասցնում հետևից, ոչ այլ ինչ է, քան ծաղր մեր պետության նկատմամբ:
«Հելսինկյան քաղաքացիական հասարակության» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմանը և ընդգծեց, որ վերջինս մինչ օրս ՀՀ քաղաքացիներին չի իրազեկել, թե ինչ հիմնավորմամբ է որոշում կայացրել: «Չեմ հիշում, որ խորհրդարանում որևէ պատգամավոր պահանջած լինի, որ իրազեկում տրվի նախագահի կողմից»,- ասաց նա:
Արթուր Սաքունցն ընդգծեց, թե «Հայաստանը Վիլնյուսից հետո» դիտարկումը նման է «Կյանքը Մարսի վրա» հռետորական հարցին և ավելացրեց, որ այնուամենայիվ պետք է ապրելու տարբերակներ գտնել:
«22 տարվա ընթացքում, ցավոք, մենք չկարողացանք դուրս գալ Երկրորդ Հանրապետության տիրույթից, ունենք նույն խնդիրները, նույն ազդեցությունը Ռուսաստանի կողմից: Կոմունիստական կուսակցությանը եկել է փոխարինելու «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը»,- ասաց նա և ընդգծեց, որ ամեն դեպքում կյանք կա Հայաստանում նույնիսկ Վիլնյուսից հետո, և այդ կյանքը որևէ մեկը չի կարող կասեցնել:










