Արամ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը չեն էլ պատկերացնում, որ Մանվել Գրիգորյանից բացի ուրիշ մեկը կլինի ԵԿՄ նախագահ. Վ. Վարդանյան
Երկրապահ կամավորականների միության 37 հազար անդամներն անխտիր միայն Մանվել Գրիգորյանին են տեսնում վարչության նախագահի պաշտոնում, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը և Արամ Սարգսյանը: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածում պնդմանը, թե փետրվարյան համագումարին ընդառաջ ԵԿՄ-ում խմորումները շարունակվում են:
Նշենք, որ հրապարակման մեջ զետեղված էր տեղեկատվություն, թե ԵԿՄ նախագահի ընտրությունը կրկին ալեկոծել է «Երկրապահին», որն առանց այն էլ բազում թևեր ունի՝ գեներալ Մանվելի, Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի:
«Ե՛վ Արամ Սարգսյանը, և՛ Սեյրան Օհանյանը երևի չեն պատկերացնում, որ Մանվել Գրիգորյանից բացի ուրիշ մեկն այսօր կարող է լինել ԵԿՄ վարչության նախագահը: Արամ Սարգսյան և Սեյրան Օհանյանը հայրենիքին նվիրված, ազնիվ մարդիկ են ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԵԿՄ վարչության այսօրվա նախագահի հետ, ու բոլորն էլ սատարում են Մանվել Գրիգորյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում»,-ասաց Վարդան Վարդանյանը՝ ավելացնելով, թե զառանցանք են այն խոսակցությունները, որ ԵԿՄ-ն թևերի է բաժանվել:
ԵԿՄ վարչության նախագահի խորհրդականն ասաց, որ 2014 թվականի փետրվարին կայանալիք համագումարը 10-րդ հոբելյանական համագումարն է, և տեղեկացրեց, որ Երկրապահ կամավորականների միությունում նորմալ, աշխատանքային մթնոլորտ է:
«Համագումարի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, մարզային կառույցներում անցկացվում են ժողովներ, ընտրվում են համագումարի պատվիրակներ: ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Մանվել Գրիգորյանի անունից բացի դեռևս ուրիշ անուն չի քննարկվում, ու այլընտրանք չի էլ պատկերացվում»,-ասաց Վարդան Վարդանյանը:
Ի դեպ՝ Վարդան Վարդանյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Ֆրանսիայում պլանային բուժման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին կլինի Հայաստանում։ «Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են շատ լավ»,-հավելեց Վարդան Վարդանյանը:










