Յանուկովիչի կուսակցությունը կողմ է արտահայտվել Ուկրաինայում կառավարության փոփոխությանը
Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» խորհրդարանական խմբակցությունը մասնակիորեն կողմ է արտահայտվել կառավարության կազմը փոխելու ընդդիմության պահանջներին, հաղորդում է ria.ru-ն:
«Մենք Նիկոլայ Ազարովի (վարչապետ) առջև այսօր պահանջ ենք դրել վերակազմավորել կառավարությունը 90 տոկոսով»,- հայտարարել է «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Աննա Գերմանը: Համաձայն են արդյոք իշխող կուսակցության ներկայացուցիչները հենց Ազարովի հրաժարականի վերաբերյալ կոչին, չի հաղորդվում:
Գերմանը հայտարարությամբ է հանդես եկել նախարարների կաբինետի ներկայացուցիչների հետ պատգամավորների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Նախօրեին մամուլում չհաստատված տեղեկություն է հայտնվել, որ Նիկոլայ Ազարովի հրաժարականի համար իբր պատրաստ են քվեարկել հարյուրից ավելի «ռեգիոնալներ»:
Ընդդիմությունը պատրաստվում է կառավարության հրաժարականի հարցը կրկին բարձրացնել խորհրդարանում: Անցած հանգստյան օրերին ընդդիմադիր ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ Ազարովի հրաժարականի հարցը քննարկելու համար արդեն հավաքվել է 182 պատգամավորի ստորագրություն:










