Նոր Քրեական դատավարության օրենսգրքով կալանքը՝ որպես խափանման միջոց, կկիրառվի ամենավերջինը. Հրայր Թովմասյան
Հայաստանի Հանրապետության նոր քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգին նվիրված կլոր սեղան քննարկմանն այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծիք հայտնեց, թե այն մի շարք հարցեր է լուծում և առաջիկայում դրական առումով փոխելու է դատական համակարգի ներկայիս վիճակը:
Օրինագծի մեջ նախարարն առանձնացրեց երեք փոփոխություններ, որոնք ամենաշատը կնպաստեն վիճակի բարելավմանը: «Առաջինը՝ բազմիցս է նշվել թե՛դատարանների, թե՛ փաստաբանների կողմից, որ մեզանում առավելապես տուրք է տրվում կալանքին՝ որպես խափանման միջոց: Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեզ մոտ այլընտրանքային խափանման միջոցները, ըստ էության, գոյություն չունեն, օրինակ` տնային կալանք, վարչական տույժ և այլն: Սրանք ներմուծվելու են, և պիտի հուսանք, որ դրանք ամրագրվելուց հետո առաջիկա տարիներին մենք էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները, ինչպես նաև մարդու նկատմամբ կալանքը կկիրառվի ամենավերջինը»,-լրագրողներին ասաց նա՝ դա համարելով հիմնական փոփոխություններից մեկը:
Նախարարի առանձնացրած երկրորդ փոփոխությունն այն է, որ նախագծում ուղղակիորեն սահմանվում է, որ միայն ինքնախոստովանանքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, եթե դա չի հիմնավորվում այլ ապացույցներով: Եվ երրորդը՝ էականորեն բարձրացվում է դատարանի դերը:
«Վիճահարույց հարցեր նույնպես կան, օրինակ` քննիչ-քննչական բաժին հարաբերություններում, բայց ես հույս ունեմ, որ նման հարցեր չեն լինելու: Կարող են չարաշահումներ լինել, բայց այս ինստիտուտը դրա համար չէ»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Օրինագիծն արդեն Ազգային ժողովում է գտնվում, և նախարարը հույս հայտնեց, որ գարնանային նստաշրջանում այն կընդունվի: Արդեն ընդունվելուց հետո օրենքը կգործի առնվազն աշնանը:










