Ինչո՞ւ է Կառավարությունը «ՀայՌուսգազարդի» պարտքը գաղտնի պահել. Լևոն Զուրաբյանի հարցը՝ Արմեն Մովսիսյանին

13:16 • 17.12.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից այսօր ԱԺ-ում երեք միջպետական համաձայնագրերի խորհրդարանական լսումների քննարկման ժամանակ հարցրեց, թե ինչու Կառավարությունը գաղտնի է պահել «ՀայՌուսգազարդ» -ի մասով պարտքը:


Նա նշեց, որ 2011 2012 թվականից ռուսները երկու անգամ բարձրացրել են գազի գինը. 1000 խմ գազի դիմաց 150 ԱՄՆ դոլարից` 240 դոլար, հետո` 270 դոլար:


«Ինչու Հայաստանի քաղաքական ուժերը և հասարակությունը դրա մասին ոչինչ չեն իմացել, այլ ընթացքում կուտակվել են առաջին տարվա համար 46 միլիոն դոլար՝ 2011-ի համար, 2012 –ի համար` 518 միլիոն դոլար, 2013-ին` արդեն 89 միլիոն դոլար»,– հարցրեց Լևոն Զուրաբյանը:


Պատգամավորը հարցրեց, թե Կառավարությունը, որն այս պարտքն իր վրա վերցրել, չի նշել, թե ինչ եկամուտների հաշվին: «Եվ դա է պատճառը, որ հիմա ստիպված եք վաճառել 20 տոկոսը»– ավելացրեց նա:


Նրա գնահատմամբ` այս ամենը կատարվել է ՀՀ Սահմանադրության, բյուջեի մասին օրենքի, «Մասնավորեցման մասին» օրենքի խախտումներով:


«Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի հետ է սա կապված, ինչպե՞ս կարող ենք մենք հանդուրժել մի Կառավարության , որը երեք տարվա ընթացքում այդքան օրենքներ է խախտել, Սահմանադրություն»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրեց հետևյալ կերպ. «Նախ, սկզբում որոշում կայացվեց, որ շարունակվում է 180 դոլարով իրացնել սահմանի վրա գազը Հայաստանում, մինչև տեսնենք` բանակցությունները ինչ արդյունք են տալիս, և այդ պատճառով ԱԺ ներկայացնելու որևիցե խնդիր չկար: ԱԺ պետք է ներկայացվեր այն ժամանակ, երբ պետք է ձևավորվեր որոշակի թվի մեծություն, որով պարզ կլիներ և որը արդեն պետք է ներկայացվեր ԱԺ»։


Արմեն Մովսիսյանի խոսքով՝ դա պարզ է դարձել այս տարի, այսինքն` նոր է խնդիրը առաջացել և որևիցե խախտում տեղի է ունեցել։


«Այո՛, գազը առաջարկել են ավելի թանկ, այո՛, մեր Կառավարությունը որոշում է կայացրել, որ գազի գինը չենք փոխելու, հակառակ դեպքում այսօր գազի գին կունենայինք ոչ թե 189 դոլարը, այլ 210 կամ 240 դոլարը: Սա էր ողջ պատճառը, որ մենք ներկայացրինք, որ այս գինը մեզ համար ընդունել չի»,– ասաց նա:


«Եվ մենք մինչև բանակցությունները չավարտենք չենք կարող թվերը դարձնել հասարակության սեփականություն»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ սա է եղել բանակցությունների ողջ իմաստը և ինքը չի կարծում, թե այստեղ որևէ հանցագործություն կա: