Միայն Հայաստանում է Ամանորին ապրանքը թանկանում. Արմեն Պողոսյան
Արևմտյան երկրներում, ի տարբերություն Հայաստանի, ապրանքը ո´չ թե թանկանում է, այլ՝ էականորեն էժանանում:
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով նախաամանորյա շրջանում ապրանքների գներին, ասաց. «Հագուստ և սնունդ. սրանք հիմնական ապրանքներն են, որոնք էժանանում են և՝ էականորեն: Ես չեմ ասում` դաշնամուր, որովհետև դաշնամուրը Ամանորին չի կարող թանկանալ կամ էժանանալ»:
Այդուհանդերձ՝ որոշ ապրանքների վրա տեսնում ենք «Ակցիա» գրառումը, որի վրա գրված է լինում ապրանքի հին` ավելի բարձր և նոր` ավելի ցածր գինը:
Արմեն Պողոսյանն ասաց, որ մեծ վերապահումով է մոտենում այդ զեղչերին, քանի որ վստահ լինելու համար, որ այդտեղ խաբեություն չկա, պետք է տեղյակ լինել նախկին` մեկ–երկու ամիս առաջվա գներին:
Հասարակական կազմակերպությունները նման ստուգումներ իրականացնելու իրավասություն չունեն. ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը մի քանի անգամ հրապարակել է անբարեխիճ ընկերությունների ցանկը:
Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության ` Հայաստանում հիմնական ապրանքների իրացումը կատարվում է դեկտեմբեր ամսին. մոտ` 2, 5 անգամ ավել ապրանք է սպառվում, քան՝ մյուս ամիսներին, սակայն Սպառողների միության նախագահը վստահ է, որ սննդի գները զեղչելու հաշվին առևտուրը մի քանի անգամ կավելանա, որովհետև դա կանդրադառնա անապահով խավի գնումների վրա։
Արմեն Պողոսյանը վստահ է, որ Ամանորին երկու տարի առաջվա պես ձվի դեֆիցիտ չի լինի, բայց վստահ չէ, որ աննշան թանկացումներ չեն լինի: Համենայն դեպս՝ ձու արտադրող ձեռնարկությունները Սպառողների միությանը վստահեցրել են, որ Հայաստան կներկրվի 300 միլիոն ձու:
Հիշեցնենք, որ ձու արտադրող ընկերությունները չէին թաքցրել, որ տեխնոլոգիական գործընթացի՝ բանկերից վերցրած վարկերով պայմանավորված որոշակի հետաձգումների պատճառով ածանների խնդիր էին ունեցել:
Սակայն Արմեն Պողոսյանը կտրականապես դեմ է ձու ներկրելուն։ Նա ոչ մասնագետների համար պարզաբանում է` ձուն այնպիսի առանձնահատկություն ունի, որ մեքենայով 350 կիլոմետր անցնելուց հետո կորցնում է իր որակական հատկանիշները:
Այս տարի լայնորեն գովազդվող՝ ամանորյա սեղանների համար հարավաֆրկյան կոկորդիլոսի մասին մեր հարցին Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Կոկորդիլոս ուտելու՞ համար։ Երևի կա, կարող է լինել նման պահանջարկ էկզոտիկա սիրող մեծահարուստների համար»։










