Վան Բայբուրդն այնքան էլ իրատեսական չի համարում աբխազական երկաթուղու վերագործարկումը

18:08 • 17.12.13

Վրաստանի նախկին նախագահի՝ ազգային փոքրամասնությունների գծով նախկին խորհրդական Վան Բայբուրդը ֆանտաստիկայի ժանրից է համարում  փորձագիտական ու քաղաքագիտական մակարդակով բոլոր այն վերլուծությունները, որ եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, իսկ Վրաստանը միանա Եվրոպական միությանը, ապա հայ-վրացական սահմանը կդառնա ԵՄ-ՄՄ սահման, որի պարագայում էապես կխստացվի վիզային ռեժիմը:

 

Հիշեցնենք, որ Ալավերդիում դեկտեմբերի 14-15-ին տեղի ունեցած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում քննարկվել էին հայ-վրացական-աբխազական երկաթուղու վերագործարկմանը, «Բավրա» անցակետի վերահսկողությանը և շինարարությանը, Մաքսային միությանն անդամակցելուց հետո ԵՄ-ին «ասոցացվող» Վրաստանի հետ հետագա տնտեսական ռեժիմներին առնչվող հարցեր, ընդունվել է համատեղ հայտարարություն և ստորագրվել է համագործակցության հուշագիր:

 

Վան Բայբուրդն այնքան էլ իրատեսական չի համարում, թե հայ-վրացական-աբխազական երկաթուղու վերագործարկումը մոտ ապագայի համար իրատեսական է:

 

Նշելով, որ բացի այն, որ այս հարցը պայմանավորված է ոչ միայն Վրաստանի ու Հայաստանի կառավարությունների, այլև Ռուսաստանի քաղաքական որոշումից նա նկատեց. «Դուք, երևի, գիտեք, որ այսպես կոչված`անկախ Աբխազիայի Հանրապետությունը համարվում է Վրաստանի մաս, և երկաթգիծը բացելը, միգուցե նշանակի, որ Վրաստանը սկսում է ճանաչել Աբխազիան: Երևի թե կարող են այդպես մեկնաբանել: Դժվար հարցեր են, ես չգիտեմ»:

 

«Մի քանի անգամ վրացական իշխանությունները հայտարարեցին, որ պետք է բացվի. ցանկություն ունեին, նրանք էկոնոմիկան ավելի բարձր էին պահում, քան քաղաքականությունը, բայց հետո տեսան՝ իրականությունն ինչպիսին է և ինչի կարող է հանգեցնել: Երևի, երևի, ես խոսում եմ միայն ենթադրություններով»,- ասաց Վան Բայբուրդը:

 

Ընդգծելով խնդրի բարդության աստիճանը՝ Վրաստանի նախկին նախագահի՝ ազգային փոքրամասնությունների գծով նախկին խորհրդականը նշեց. «Ես չգիտեմ անգամ, եթե նույնիսկ Վրաստանը մտներ Մաքսային միություն, ինչպե՞ս պետք է վարվեր, որ չլիներ այն տպավորությունը, որ Վրաստանը սկսել է ճանաչել այսպես կոչված` անկախ Աբխազիան»:

 

Այնուամենայնիվ Վան Բայբուրդը դրական է համարում հայ-վրացական քաղաքական-տնտեսական օրակարգով քննարկումը, ինչն ամենակարևորը համարեց վերջին տասը տարիներին՝ ներկայացուցչականության և քննարկված խնդիրների կարևորության առումով:

 

Նա անդրադարձավ նաև Գյումրիում ռուսական 102-րդ բազայի ընդլայնման առիթով այն անհանգստություններին, որ առկա է վրաց փորձագիտական շրջանակներում:

 

«Վրաստանում նման փորձագետները և քաղաքագետները շատ են, բայց մի բանում ես համոզված եմ, որ Հայաստանը երբեք չի համաձայնի նրան, որ Հայաստանի տարածքից, որտեղ ռուսական բազա կլինի, թե ինչ-որ բան, Վրաստանի դեմ գործողություններ կատարվեն»,-ասաց Վան Բայբուրդը` հավելելով, որ դա ցույց տվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմը: