Կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիա ՍԴ-ի դիմաց (լուսանկարներ, տեսանյութ)
13.56
___________________________
Սահմանադրական դատարանից բողոքի ցույցի մասնակիցներին դիմավորելու եկավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ում էլ պաշտոնապես հանձնվեց 4 խմբակցությունների դիմումը, ինչպես նաև նախաձեռնության հայտարարությունը։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն ասաց, որ դիմումին այսօր իսկ համապատասխան ընթացք կտրվի և այն կքննվի ՍԴ-ի կողմից։ Այս պահին երթի մասնակիցները ՍԴ-ի դիմաց վանկարկում են «կասեցում», «կասեցում»։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին երթի մասնակիցներին և վստահեցրին, որ «հետագա քայլեր անպայման կլինեն»:
13.26
___________________________
«Դեմ եմ» նախաձեռնության և Ազգային ժողովի 4 խմբակցությունների ներկայացուցիչները երթով անցան Մաշտոցի պողոտան, Բաղրամյան փողոցը և հասան Սահմանադրական դատարան: Ոստիկանները չխոչընդոտեցին երթի մասնակիցների ազատ տեղաշարժը երթևեկելի մասով։
Իսկ ՍԴ-ի դիմաց երթի մասնակիցներին դիմավորեց ոստիկանական պատը։
Երիտասարդները հանդես են գալիս ելույթներով։ Մասնակիցներից Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հանդիպումներից մեկի ժամանակ թեմայի շուրջ կատարած դիտարկումներն իրենք որակում են որպես ՍԴ-ն ճնշելու փորձ։ «ՍԴ-ին կոչ ենք անում ծառայել ժողովրդին, դուք պարտավոր եք պաշտպանել Սահմանադրությունը և որևէ անձ իրավունք չունի ձեզ ճնշելու և հակասահմանադրական որոշումներ կայացնելու։ Դատավորներին էլ խնդրում ենք չմոռանալ իրենց պարտականություններն ու իրենց երդումը»,-ասաց Գևորգ Սաֆարյանը։
Անդամները ընթերցեցին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության հայտարարությունը՝ մեջբերելով օրենքի մանրամասները և ըստ իրենց՝ հակասահմանադրական և բացասական բազմաթիվ կետեր։
13.00
___________________________
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները և «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Երևանի Ազատության հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Երթի մասնակիցների թիվը բավականին մեծ է, քանի որ այստեղ են տարբեր ընկերությունների աշխատակիցներ, մի շարք քաղաքացիական խմբերի, վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ: Ի դեպ, մեծ է նաև ավելի ավագ սերնդի քաղաքացիների թիվը:
Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Պահանջում ենք», «Ոչ թալանին» պաստառներով և ունեն թմբուկներ: «Մենք չենք արտագաղթելու և պայքարելու ենք հակասահմանադարական օրենքների դեմ»,-բարձրախոսով հայտարարում է նախաձեռնության անդամներից մեկը։ Հատկանշական է, որ երթն առաջնորդում են ոչ թե 4 ոչ իշխանական խմբակցությունների պատգավորները, այլ հենց պահանջատերերը։
Երթից առաջ պատգամավորները հանդես եկան ելույթներով: ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք մինչև վերջ գնալու են, դիմելու են բոլոր քայլերին այդ օրենքը չեղյալ համարելու համար: «Այս օրենքը հարվածելու է բոլորի գրպաններին: Սա նաև հարված է մեր ազգային արժեհամակարգին: Մեր երկրի պայմաններում նման օրենքի կիրառումը անթույլատրելի է»,-հայտարարեց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «ստոր խաբեություն են բոլոր այն գործարարների հայտարարությունները, թե պատրաստ են վճարել իրենց աշխատողների կուտակային գումարները: «Ինչպես եք պատկերացնում՝ նրանք տարիներ շարունակ ինչպե՞ս կանեն դա»,- հայտարարեց նա և ընդգծեց, որ դա իշխանությունների կողմից հատուկ քաղաքականություն է՝ համաձայնության են եկել այդ գործատուների հետ:
«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարի» նախաձեռնության անդամ, իրավաբան Հայկ Գրիգորյանը վստահեցնում է, որ արդեն իսկ հունվար, փետրվար ամիսներից իշխանություններն առավել խորը կհասկանան, որ համակարգի դեմ իրենց պայքարը դեռ նոր է ծավալվում: «Եվ մեր կարծիքի հետ հաշվի չնստելը կարող է շատ լուրջ սոցիալ-քաղաքական հետևանքների բերել ողջ երկրում, քանի որ այս շարժմանն աջակցում է հասարակության մի զգալի զանգված»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները պայքարում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Ըստ նոր համակարգի՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը պետք է պարտադիր կարգով փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այս գումարները որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ «պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելն իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով»:
«Բացի այդ, մեր դիմումը գտնվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մոտ, ով ևս հնարավոր է՝ դիմի ՍԴ, այսպիսով երկու ուղղությամբ մեր պահանջը կարող է հասնել ՍԴ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս փուլում չեն ցանկանում որևէ գնահատական տալ ՍԴ անելիքների մասով, ամեն ինչ ժամանակը ցույց կտա:
Նրա խոսքով՝ այդ քայլերից բացի նաև լուրջ աշխատանքներ են տարվել ու տարվում են շարժումը հզորացնելու ուղղությամբ, մասնավորապես արհմիությունների ստեղծման և այլ քաղաքացիական նախաձեռնությունների հետ միավորման առումով, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
«Իշխանության վրա զանգվածային ճնշում գործադրելու դեպքում նրանք կունենան հստակ երկընտրանք՝ կամ կատարել մեր պահանջները, կամ առերեսվել ավելի լուրջ խնդիրների հետ, հավանաբար հենց դա էլ ստիպելու է նրանց զիջումների գնալ: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ պայքարը նոր թափ է ստանալու հունվարին, փաստ է»,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է օրենքի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դրական գնահատականին, նա նշեց, որ իրենք որևէ հույս առանձնապես չէին էլ կապում, թե նախագահը կամ վարչապետը մի բան անելու են այդ ուղղությամբ:
«ՀՀԿ-ն իր վարքագծով արդեն իսկ հասկացրել էր, որ իշխանությունները որևէ զիջման չեն գնալու այդ փուլում: Սա պարզապես մի փուլ էր, որը պետք է սպառեինք, զուտ իրավական առումով»,-ասաց նա՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին միանալ դեկտեմբերի 17-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին և ներգրավվել իրենց պայքարին:
Այն, որ իշխանությունները չէին նահանջի, համոզված է նաև նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արտաշես Թովմասյանը: Իսկ հաղթանակի հասնելու համար վերջինս ունի իր կարծիքը. «Կարծում եմ՝ պետք է արդեն պայքարել ոչ թե կուտակային կենսաթոշակների դեմ, այլ ՀՀԿ և Սարգսյան զույգի դեմ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հաղթանակին հասնելու համար պետք է ազգովի կանգնել այնպես, ինչպես Ուկրաինայում:
ուղիղ միացումը՝ azatutyun.am-ի










