Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռների տեղակայումը անհանգստացրել է Բալթյան երկրներին

09:57 • 17.12.13

Լեհաստանը, Լիտվան և Էստոնիան անհանգստություն են հայտնել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերը Կալինինգրադի մարզում տեղակայելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։


«Կալինինգրադում նոր արդիականացումը Բալթյան երկրների և ՆԱՏՕ-ի սահմանին, լրացուցիչ անհանգստություն և ուշադրություն է առաջացնում»- ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեքասը։


«ՌԴ կողմից ռազմական ուժի ցանկացած ավելացում մեր տարածաշրջանում անհանգստություն է առաջացնում»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն։


Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը հաղորդել էր, որ «Իսկանդեր» համակարգերի տեղակայման մասին վկայում են արբանյակից արված գաղտնի լուսանկարները։


Լուսանկարներում երևում են առնվազն 10 համակարգեր, որոնք տեղակայված են Բալթյան երկրների սահմանի երկայնքով։


Ռուսական ռազմական գերատեսչությունը երեկ հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Արևմտյան ռազմական շրջանի տարածքում չեն հակասում միջազգային համաձայնագրերին։