Կիևի գրավված քաղաքապետարանի շենքում կինոթատրոն են կազմակերպել
Կիևում ընդդիմության աջակիցները, որոնք գրավել են քաղաքային ադմինիստրացիայի շենքի մի մասը, այնտեղ կինոթատրոն են կազմակերպել, այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Сегодня»-ին:
Թերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում սկսել են ցուցադրել ուկրաինացի ռեժիսորների ֆիլմերը: Կինոցուցադրությունը կազմակերպվել է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող սրահներից մեկում: Ֆիլմը ցուցադրել են մեծ մոնիտորի վրա: Ներկա է եղել 200-ից ավելի մարդ:
«Կինոյի շաբաթ»-ի շրջանակներում, ինչպես նշվում է, ցուցադրությունները կանցկացվեն ամեն օր՝ ժամը 22:00-ից: Հստակ ծրագիր առայժմ չկա:
Կինոցուցադրությունների մուտքն անվճար է: Այցելուներին, սակայն, նախազգուշացնում են, որ ցուցադրություններին ուտելիքով գալ արգելվում է:
Քաղաքապետարանի շենքը ընդդիմության աջակիցները մասնակիորեն գրավել էին դեկտեմբերի 1-ին: Նրանք զբաղեցրել էին առաջին և երկրորդ հարկերը:










