Կիևի քաղաքապետարանից խոհանոցային սպասք են գողացել. կասկածվում են ընդդիմադիրները

17:09 • 17.12.13

Կիևի ոստիկանությունը ստուգում է  Կիևի ադմինիստրացիայի շենքում խոհանոցային սպասքի գողության մասին տեղեկությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով УНИАН-ին:


Ոստիկանություն է դիմել քաղաքապետարանի ներկայացուցիչը, որը պատասխանատու է հանրային սննդի և վաճառքի ծառայությունների համար: Նա հայտարարել է, որ ցուցարարները պոկել են ադմինիստրացիայի պահեստի դուռը և դուրս են հանել այնտեղ պահվող իրերը, այդ թվում սպասք (ափսեներ, բաժակներ, պատառաքաղներ, գդալներ) ու խոհանոցային տեխնիկա (միկրոալիքային վառարաններ, էլեկտրական թեյնիկներ):


Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ գողերը ապրանքը տեղադրել են ճաշասենյակում: Կինը պարզաբանել է, որ սպասքը և տեխնիկան այնտեղ են տարել դիմակավորված մոտ 20 մարդ: Չարամիտներից մեկը հայտնել է, որ տվյալ իրերը գտնվում են այժմ «իրենց հաշվեկշռին», ինչից հետո ադմինիստրացիայի աշխատակցին վռնդել են շենքից:


Ոստիկանության աշխատակիցների ժամանման պահին ճաշասենյակի մուտքի դուռը փակ է եղել՝ արգելափակվել է ներսից: Ոստիկաններն այժմ պարզում են գողացված իրերի ցանկը և նյութական վնասի չափը: