Ընդդիմադիր Կլիչկոն հրաժարվել է չեմպիոնի կոչումից

09:12 • 17.12.13

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից՝ որոշելով իրեն լիովին նվիրել Ուկրաինայի քաղաքականությանը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Կլիչկոն կարևոր դերակատարում ունի Ուկրաինայում տեղի ունեցող բողոքի ակցիաների շրջանակներում, որի մասնակիցները եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ են, ովքեր նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են չանդամակցել Մաքսային միությանն ու ազատ արձակել բոլոր «քաղաքական» բանտարկյալներին։

 

Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ընթացքում Վիտալի Կլիչկոն 45 հաղթանակ է տոնել և միայն երկու մրցամարտում է պարտվել։

 

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն ըմբռնումով է մոտենում Կլիչկոյի որոշմանը՝ նրան «Աշխարհի պատվավոր չեմպիոնի» կոչում շնորհելով և հայտարարելով, որ կարող է կարիերան վերականգնել երբ ցանկանա։