Ընդդիմությունը արգելափակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ամբիոնը
Ընդդիմությունը արգելափակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ամբիոնը մինչև լիագումար նիստի սկսվելը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Բատկիվշինա»-ի, «ՈւԴԱՌ»-ի և «Սվոբոդա»-ի ֆրակցիաների մոտ 30 պատգամավորներ կանգնել են խորհրդարանի ամբիոնի մոտ:
Ընդդիմության պատգամավորները դեռ չեն հայտարարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքն արգելափակելու պատճառների մասին: Խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը հանգիստ է:
Դեկտեմբերի 17-ին կառավարության ներկայացուցիչները, ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև Ուկրաինայի նախկին նախագահները պատրաստվում են հանդիպում ունենալ հերթական համազգային կլոր սեղանի շրջանակներում: Ինչպես ենթադրվում է, ընդդիմությունը իշխանության առաջ կդնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետների հարցը, ինչպես նաև կառավարության ողջ կազմի հրաժարականի և «ժողովրդական վստահության կառավարություն» ձևավորելու պահանջը:










