Ռուս տղամարդը գողացել է ոստիկանական մեքենան՝ մինչ իրավապահներն օգնում էին նրա հղի կնոջը

16:05 • 17.12.13

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեղի է ունեցել արտառոց մի դեպք. 23-ամյա երիտասարդը գողացել է ոստիկանական մեքենան, գրում է Вести-ն՝ մանրամասնելով, որ գողությունը կատարվել է այն պահին, երբ իրավապահները փորձել են օգնել երիտասարդի հղի կնոջը։

 

Բանն այն է, որ իրավախախտը նախքան այս հանցագործությունը կատարելը հետախուզման մեջ է եղել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Եվ երբ իրավապահները բռնել են նրան ու արձանագրություն կազմել, այդ պահին փողոց է վազել նրա հղի կինը, ով իրեն վատ է զգացել։ Մինչ ոստիկաններն օգնել են ապագա մայրիկին, տղամարդն օգտվել է առիթից ու գողացել ոստիկանների մեքենան։

 

Որոշ ժամանակ անց մեքենան հայտնաբերվել է դեպքի վայրից ոչ հեռու, սակայն հանցագործին հաջողվել է փախչել։ Այժմ նա հետախուզման մեջ է։