Ռուսաստանում կարող են արգելել երեխաների գեղեցկության մրցույթները

23:30 • 17.12.13

 Ռուսաստանի Պետական դումայում կարող է քննարկվել երեխաների գեղեցկության մրցույթներն արգելող օրինագիծ: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ «Российская газета»-ին հղումով, նախաձեռնության հեղինակը վստահ է, որ փոքրիկ աղջիկներին դեռ վաղ է նման խաղեր խաղալ:


Նախագիծն արդեն պատրաստ է և գտնվում է վերջնական մշակման փուլում: Դաշնային օրենքը դեռևս չի արգելում երեխաների մրցույթները, սակայն նմանատիպ արգելքներ կարող են կիրառել տարբեր շրջաններ: Ներկայում երեխաների գեղեցկության մրցույթներն արգելված են Կրասնոդարի շրջանում:


Ըստ իրավաբանների՝ նման միջոցառումներին մասնակցելը կարող է վտանգել երեխաների առողջությունը, ինչպես նաև՝ վնասել նրանց հոգեկան, հոգևոր և բարոյական աճին: Նրանք նաև նշում են, որ եվրոպական միայն մի քանի երկրում են թույլատրում երեխաներին՝ շպարվել, սակայն Ռուսաստանում շպարը օգտագործվում է, որպեսզի հնարավոր չլինի երեխաներին տարբերել մեծահասակներից: Սակայն շատերը նման մրցույթներում վատ բան չեն տեսնում՝ հավելելով, որ մրցույթներն ուղված են երեխաների զարգացմանը: