Թուրքիայի հետ հարաբերություններում չափից դուրս խեղճ ենք. Սարգիս Հացպանյան
Պոլսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը Tert.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ՝ նշելով, թե հայկական կողմը որևէ դիվանագիտություն չի մշակում և, հատկապես, Թուրքիայի հարցում։ Ըստ նրա՝ Հայաստանը, լինելով պահանջատեր, եղածը չի օգտագործում, մինչդեռ հարևան Թուրքիան չեղածը սահուն կերպով ներկայացնում է աշխարհային և առաջ տանում իր շահերը։
-Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցից հետո հայ-թուրքական հարաբերություններում որևէ փոփոխություն կարելի՞ է ակնկալել։
- Ո´չ, ընդհանրապես ոչ, զրո հեռանկար եմ տեսնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը որևէ արտաքին քաղաքականություն չի մշակում, այսինքն՝ այնպես, ինչպես Թուրքիան՝ Իրանի հանրապետության համար: Թուրքերը նախաձեռնություններով են հանդես գալիս անընդհատ, իսկ Հայաստանը որևէ կերպ չի արձագանքում։ Ի՞նչ արեց Դավութօղլուն, կարծես՝ ոչ մի բան. եկավ ոչնչով հայ–թուրքական հարաբերությունների հետ կապ չունեցող Սևծովյան համաժողովին մասնակցեց, աշխարհն իրար խառնեց ու գնաց: Արդյունքում՝ հերթական անգամ ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ խաղաղարարի տպավորություն թողեց։ Եթե դիվանագիտական աշխատանքային նիշով գնահատենք, ապա Հայաստանին՝ 0, Թուրքիային՝ 100։ Միայն մի քանի ժամ հայտնվելով՝ առանց որևէ բան ասելու էլ արդեն ակնհայտ է Թուրքիայի ձեռքբերումը։ Մեր երկրում, մեր մայրաքաղաքում, մեր դաշտում նրան նման հնարավորություն տալ և փոխարենը ոչինչ չանել՝ արդեն իսկ վկայում է, որ մենք որևէ դիվանագիտություն չենք մշակում Թուրքիայի հարցում:
- Թուրքիայի իշխանությունները խոստովանում են, որ հայ-թուրքական արձանագրություններով հայկական դիվանագիտությունը պարտություն ունեցավ, այսինքն՝ այս անգամ էլ հերթական պարտությունը կարելի է համարել։
-Հերթական պարտության պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված չէ, խնդիրը հենց ժողովրդավարության մեջ է։ Սա ոչ թե ՀՀ դիվանագիտություն է, այլ չգիտեմ ինչով է զբաղվում մեր ԱԳՆ-ը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինձ համար նախարար չէ, նա ոնց որ խանութի աշխատող լինի, չի հասկանում դիվանագիտությունն ինչ է։ Մենք նրա աշխատանքը տեսել ենք ամենուր և ոչ մի շոշափելի արդյունք, ոչ մի հաջողություն, հատկապես Թուրքիայի հարաբերություններում չափից դուրս խեղճ ենք, ես կասեի ուղղակի մեղք ենք, իսկ դա վատ ընտրության հետևանք է:
-Լավ ի՞նչ կարող էր անել ՀՀ արտաքին գործերի նախարարը Թուրքիայի ԱԳ նախարարի այցից հետո, որ չարեց։
- Նախարարն ինչ կարող էր անել, դրա մասին կարելի է մի ամբողջ հոդվածաշար գրել։ Մեր և թուրքերի միջև ինչ խնդիր կա, դա պետք է քննարկվի՝ անկախ ամեն ինչից։ Մենք իրար հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց չլինելով հանդերձ՝ պետք է օգտագործենք հենց այն միջանկյալ պետություններին, որոնք պրոտոկոլով ստորագրել տվեցին Շվեյցարիայում այդ արձանագրությունները։ Հենց այդ կազմակերպությունների միջոցով ու պետական միավորների վզկապներից պետք է քաշել, ասել է՜յ, այդ դուք չէի՞ք ասում, որ ստորագրել տվեցինք, հիմա չե՞ք տեսնում, թե նույն Թուրքիան ինչ է անում։ Չե՞ք տեսնում, որ ապրիլի 24-ից երկու օր հետո ստորագրում է, իսկ հետո չի վավերացնում՝ չգիտես ինչ խաղեր տալով: Այսինքն՝ պահանջատերի իրավունքով Հայաստանի փոխարեն Թուրքիան է հանդես գալիս, և շատ հետաքրքիր է, որ Դավութօղլուն գալիս է Հայաստան, ուղիղ 5 րոպե հետո Թուրքիայի մասնակցությունն այդ ժողովին շնորհավորում է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ Դավութօղլուի այդ քայլը և հանդիպումները համարելով խաղաղության ձեռքբերման ու չգիտեմ ինչ արդյունք։ Ինչո՞ւ։ Մինչդեռ նույն ԱՄՆ երբևէ չի ասել, որ Հայաստանն իր անկախությունից ստեղծելով 1991թ-ի 21 սեպտեմբերին, միշտ հանդես է եկել իր հարևանների հետ խաղաղ գոյակցելու լավ հարաբերություններ ունենալու և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու նախաձեռնությամբ։ Ինչո՞ւ։ Այստեղ կա՞ չէ ԱՄՆ-ի դեսպանը, դե պատկերացրեք էդվարդ Նալբանդյանի տեղը մի իսկական դիվանագետ լինի, ով իսկապես հանդես գա պետության անունից, նույն ԱՄՆ-ի դեսպանն այստեղ մեկ ժամ հետո հայտարարություն կանի, որ Հայաստանը ծայրից ծայր ամեն ինչ անում է խաղաղության համար, բայց չարձագանքողը Թուրքիան է: Բայց դուք երբևէ լսե՞լ եք նման բան, ո՛չ, բայց իրականությունը դա է չէ՞։ Այդ իրականությունը որևէ մարդու բերանից, նկատի ունեմ միջազգային ատյանից չի հնչում, որ Թուրքիան խաղաղ գոյակցելու համար որևէ քայլ չի արել և չի անում, սահմաններ է փակել, բլոկադայի է մատնել Հայաստանին, Ադրբեջանի մեջքին կանգնած դիվանագիտորեն ամեն ինչ անում է, այդ երկրի անունից է հանդես գալիս և դեռ երրորդ կողմ լինելով Հայաստանից Ղարաբաղի սահման է ուզում, ու այլ պայմաններով խոսում։ Մինչդեռ արդյունքն այն է, որ շատ հմուտ ձևով ցույց է տալիս, թե ինքը խաղաղության աղավնին է, իսկ Հայաստանը չի արձագանքում խնդրին: Այլ կերպ ասած՝ մեկը եղածը չի օգտագործում, մյուսը չեղածը հալած յուղի նման անցկացնում է և դա, անշուշտ, ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ, առանց Ամերիկայի չի կարող դիվանագիտություն տանել։
- Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան որոշ քաղաքագետների պնդմամբ՝ հերթական փորձն էր մտնելու ԼՂ հարցի կարգավորման դաշտ։ Կան խոսակցություններ, թե Թուրքիան առաջարկում է ԼՂՀ երկու շրջան տալ Ադրբեջանին՝ Հայաստանի հետ սահմանը բացելու դիմաց։ Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ։
- Սրա մասին ասելիքը նույն է, ինչ ասեցի քիչ առաջ, Թուրքիան չեղածը եղածի տեղ անցկացնում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը համեստ դիրքերում է։ 2014թ-ին Թուրքիան կարող է ՀՀ-ի սահմանի կողքին մի շենք կառուցի և ասի, որ ես ուզում եմ սահմանը բացել ու տեսեք թե ինչ քայլեր եմ անում, իսկ հայերը գոռգոռում են ամբողջ աշխարհով մեկ, որ ցեղասպանություն է եղել, արյունահեղություն է եղել և այլն, և այլն։ Սա իրենց բնորոշ դիվանագիտության քայլերից է, և կասեն, թե էս հայերը չեն հասկանում, գնացել են Ադրբեջանին բռնագրավել են, իսկ մենք ասում ենք՝ երկու սահմանը տվեք, հարցը քաղաքակիրթ լուծենք։ Դրանից հետո կգա 2015թ-ը, կդառնա հայերի կողմից հայ-թուրքական հարաբերությունների ծափահարման նոր շրջանը և ոչ թե աշխարհը հայի դարդ ու ցավը կսկի ընկալել, լսել 100 տարի անց, այլ կասեն 100 տարի հետո հարևանն ուզում է քաղաքակիրթ հարևանություն անել, բայց հայերը ոչ մի ձև իրենց տեղը չեն նստում, դեռ իրենք են մի բան էլ Ադրբեջանից տարածք են վերցրել ու չեն համաձայնում սահմանները բացել և բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Հետո ասում է՝ երկու շրջաններ տվեք, չգիտեմ ինչ, թեկուզ հայտարարության ձևով, նրանք արդեն գործընթաց են մտնում, հայտարարում, թե երկու շրջան զիջեք ու դա հատուկ մեջտեղ է գցում, որ դրա շուրջ խոսակցություններ լինեն, ինքը իբրև թե քաղաքակիրթ քայլ է անում, մինչդեռ ակնհայտ է, դա արվում է միշտ ճիշտ ժամանակին՝ հօգուտ իրենց: Պատմությունը նայեք, Օսմանյան կայսրության ժամանակ իրենց ամբողջ դիվանագիտությունն ինչպես են զարգացրել: Իրենք այդ դպրոցն ունեն, այդ «շկոլա» ասվածը և իրենց ամբողջ քաղաքականությունը զարգացնում են դրա վրա, որից հայկական կողմն այդպես էլ չի կարողանում դասեր քաղել: Ես մեծ մտավախություն ունեմ, որ 2015թ-ին իրենք դեռ կարող են Հայաստանի հետ անել այն, ինչ կցանկանան։
-Ի՞նչ եք առաջարկում, մեր դիվանագիտությունը ո՞ր ուղղությամբ պետք է աշխատի, որ հօգուտ մեզ լինի։
- 2015թ-ին՝ Ցեղասպանության 100-ամյակին, մենք պետք է ասենք, որ նրանք ուզեցին կրկնակի անգամ մեզ կոտորել, ցեղասպանություն սարքել, և դրա փաստերը ամբողջ աշխարհի առաջ էր՝ Բաքու, Սումգայիթ, Գանձա, Շամխորի շրջանը, և մենք առաջին անգամ նույն Արցախում չուզեցինք, որ մեզ երկրորդ անգամ կոտորեք։ Արցախյան հարցը պետք է արդարացի լուծում գտնի, որ երբևէ աշխարհում որևէ ցեղասպանություն չիրականացվի, մենք այդ հարցը շոշափելու տեղը ուղիղ հակառակն ենք անում: Մենք պետք է ասենք, որ այս անգամ հայը կանգնեց իր արժանապատվության առաջ, ասաց՝ ո՛չ, ես չեմ կոտորվելու։ Ուրեմն հայկական դիվանագիտությունը սա պետք է անի, բայց ուղիղ հակառակն է անում: Չես հասկանում՝ ինչ են անում մեր դեսպանները, բացի իրենց անձնական կյանքը բարելավելուց։ Իրենց ընտանիք ու երեխաների ապագան են դրսում դասավորում, իսկ ՀՀ-ում՝ ոչ մի բան: Այս ամենին հակառակ Թուրքիան սքանչելի դիվանագիտություն է տանում, սքանչելի:
-Տեսակետներ կան, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին տարբեր երկրների կողմից ճանաչման ալիք է սպասվում, և Թուրքիայի դիվանագիտությունը նոր ճանապարհներ է փնտրում դա կանխելու համար:
-Ո՛չ, ո՛չ։ Եվ ևս մեկ անգամ ո՛չ։ Ասեմ ինչու։ Երեք երկրներ են չէ՞ ընկալվում աշխարհ կոչվածը՝ ԱՄՆ, Ռուսաստան և Եվրոպան ներկայացնող Ֆրանսիան։ Այդ երեք երկրներն էլ, ըստ էության, Հայոց ցեղասպանությունն ընդունել ու դատապարտել են, անտեղ խնդիրն ԱՄՆ-ն է, բայց ԱՄՆ-ի նահանգների գրեթե կեսից ավելին ճանաչել է Ցեղասպանությունը, ՌԴ -ն իր խորհրդարանով հանդերձ ճանաչել է, Ֆրանսիան էլ իր ատյաններով ընդունել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Դրանից ի՞նչ է փոխվել, ի՞նչ է տվել դա: Ճանաչեն-չճանաչեն, նշանակություն չունի։ Լավ ենթադրենք ամբողջ աշխարհը բոլոր երկրները ճանաչել են, այդպես բան մտածենք, թե աշխարհում չկա երկիր, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը, դրանից ի՞նչ է փոխվելու։ Հարց. եթե Ցեղասպանության ճանաչումը, դրա դատապարտումը և փոխհատուցումը չի բերելու հողային հատուցման՝ ճանաչումն ի՞նչ է տալիս: Հո ճանաչումն ինքնանպատակ բա՞ն չի, մենք հո երեխա՞ չենք՝ նստենք, խաղանք, բայց առ այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև հանրությունը, Երկիր մոլորակի վրա այդպես էլ չի ձևակերպել իր ցանկությունը, ինչն ինձ համար անհասկանալի է: Թուրքերը չեն հասկանում՝ հայերն ինչ են ուզում, որովհետև հայերը ոչ մի բան չեն ուզում։ Դուք գիտե՞ք որևէ կառույց, որևէ հստակ իրավաբանորեն ձևակերպած լինի Ցեղասպանության հետ կապված խնդիրը, ես չեմ ճանաչում: Ես ճանաչում եմ զազաներին, Արևելյան Թուրքիայի տարածքում ապրող մոտ 5-6 մլն-ի ժողովորդ, 1938թ. ջարդեր տեղի ունեցան, ցեղասպանություն տեղի ունեցավ զազաների դեմ, զազաները Թուրքիայի Հանրապետությանը հասարակական կազմակերպության միջոցով դատի տվեցին, իսկ Հոլանդիայի դատարանն ընդդեմ Թուրքիայի այդ հայցն ընդունեց: Հետաքրքիր է, Ցեղասպանության 100-ամյակն է գալիս, բայց որևէ կազմակերպություն, թեկուզ հասարակական իրավական որևէ կերպ չի ձևակերպել Ցեղասպանության հարցով պահանջը, չի եղել նման բան, մինչդեռ ցեղասպանությունն իրավական կատեգորիա է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողից, ըստ որի ցեղասպանությունն անցյալ չունի, ցեղասպանությունը ներկա է, որը նշանակում է դատապարտում և փոխհատուցում՝ իր 8 կետից բաղկացած ենթակետերով ձևակերպված։
-Ինչո՞ւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պահանջում է ճանաչում, դատապարտում, հատուցում։
- Դաշնակցությունը աշխարհում 33 կառույց ունի, և այդ կառույցներից առանձին-առանձին կամ բոլորն իրար հետ վերցված որևէ միջազգային ատյան, որևէ իրավական հայց չի ներկայացրել, այսինքն՝ այդ հարցում պահանջատեր հանդես չի եկել։ Դաշնակցությունը փոխարենը ժողովներ է անում, անընդհատ խոսում է, իր խոսքի տակ գործ չկա։










