Ես լսել եմ, որ անառականոց էլ են ուզում բացել, հետո՞ ինչ, դրանից զարմանալ կարելի՞ է. Վ. Թաթիկյանը՝ Գառնիում սրճարան բացելու մասին
Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում ամառային ժամանակավոր սրճարան բացելու փաստից գրող-հրապարակախող, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը չի զարմանում, բայց չի էլ պատրաստվում առաջվա պես պայքարի դուրս գալ կամ հացադուլ հայտարարել մշակութային ու բնապահպանական խնդիրների համար, հիասթափվել է։
«Ես լսել եմ, որ անառականոց էլ են ուզում բացել, հետո՞ ինչ, դրանից զարմանալ կարելի՞ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ գրողի՝ գառնեցիներին լավ ճանաչելով՝ ինքը չի կասկածում, որ դրա «դեմն առնել կլինի»։ «Այնտեղ իր արմատներին հավատարիմ մի 30 ընտանիք երևի գտնվի, բայց գառնեցիները միշտ էլ վայրի են եղել»,-ասաց նա։ Ըստ նրա՝ եթե իշխանությունները կամ նրանց մերձավոր օլիգարխները «որոշել են բիզնես զարգացնել», միևնույն է, ինչ էլ լինի՝ կզարգացնեն։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մշակույթի նախարությունը Գյումրի է տեղափոխվելու, Թաթիկյանն ասաց. «Դա անեկդոտ է, ժողովրդին հիմարացնելու համար հորինում են պատմություններ ու պարբերաբար բաց թողնում, խայծ են տալիս։ Ախր ինպե՞ս եք հավատում նման ապուշությանը, նման բան անհնար է»,-ասաց նա՝ հավելելով. «Գյումրին ունի անօթևանների խնդիր։ Մշակույթի նախարությունում աշխատում է 1250 հոգի, հիմա եթե նրանց տեղափոխեն, իրենց ընտանքիների հետ միասին հաշված՝ կլինի շուրջ 20 հազար հոգի, որոնք պետք է գնան, այնտեղ ապրեն, այն դեպքում, երբ Գյումրիում 5000 անապաստան ընտանիք կա, և եթե տներ հատկացնելու լինեին, նրանց կտային, այնպես որ՝ դա անեկդոտ է»,-ասաց նա։










