Ուկրաինական իշխանությունները ցանկանում էին մահափորձ կատարել Կլիչկոյի դեմ. «Ուդառ» կուսակցություն
Ուկրաինական «Ուդառ» կուսակցությունը երկրի իշխանություններին մեղադրել է իր առաջնորդի՝ Վիտալի Կլիչկոյի դեմ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով LB.ua-ին, որն այս տեղեկություններն ստացել է խմբագրությունում հայտնված՝ կուսակցության իրավաբանական բաժնի նամակից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, երբ կիևյան «Ժուլյանի» և «Բորիսպոլ» օդանավակայանները Կլիչկոյի ինքնաթիռին չեն թույլատրել վայրէջք կատարել՝ պարզաբանելով, որ օդանավակայանում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում: Կուսակցությունում դա համարում են ավիավթար ստեղծելու մտադրություն:
Նամակում նշվում է, որ այդ ժամանակ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել և գտնվում էր գետնից 100 մետր բարձրության վրա: Բացի այդ՝ նրանք նշում են, որ տեսանելիությունը կազմում էր ընդամենը՝ 50 մետր:










