ԼՂ խնդրի լուծման հեռու լինելու պատճառը ներկայիս խեղաթյուրված գործընթացն է.Դավիթ Բաբայան
ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am –ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, որ ինչ-որ ժամանակ հետո Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, ասում է, որ միջնորդները ցանկանում են դա իրականացնել սահուն կերպով, ժամանակի մեջ: Ի պատասխան հարցի, թե ինչ պետք է լինի ողջ անցած ճանապարհի, համաձայնեցված սկզբունքների հետ, Դավիթ Բաբայանը նշում է, որ սկզբունքները, որևէ բան համաձայնեցված չէ, եթե համաձայնեցված չէ ողջ փաթեթը: «Գործում է բանաձևը, որ ոչինչ համաձայնեցված չէ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ»,– ասում է նա:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, երեկ Ստեփանակերտում հայտարարել է, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա գործընթաց: Ըստ Ձեզ` սա առաջընթա՞ց է, երկար տարիներ ի վեր նման առաջին առաջարկ:
-Մենք, իհարկե, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի վերականգնվի նախկին ձևաչափը, ինչին Ադրբեջանը ընդդիմանում է, և միջնորդները հասկանում են, որ առանց Ղարաբաղի` լիարժեք ձևաչափին վերադառնալու հնարավոր չի լինելու կարգավորել հիմնախնդիրը: Եվ ամեն ինչ անում են նույնպես, որպեսզի ավելի սահուն, բնական ձևով վերականգնվի այդ գործընթացը:
Եվ նման հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Իհարկե, կանգնել և հիմա ասել, որ պետք է Արցախը մասնակցի կտրուկ ձևով սա էլ է մի տարբերակ, բայց կարող է անմիջապես Ադրբեջանի կողմից ընդունվել որպես մի պատեհ առիթ` ընդհանրապես տապալել բանակցությունները: Իմ կարծիքով` միջնորդները սա ավելի սահուն ձևով են ուզում անել` ժամանակի ընթացքում: Բայց այստեղ կա մի նրբություն, այն է` Արցախի վերադառնալը չի կարող լինել հետևյալ ձևով, որ ինչ-որ համաձայնության գան առանց Արցախի, և Արցախը պիտի այդ համաձայնությունն իրականացնի: Այս տարբերակը երբեք չի գործելու և սա բոլորի համար պարզ է, և պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ ասում է դա: Ուղղակի, ինձ թվում է, որ երբ արդեն պարզ դառնա, որ անհնարին է նման ձևաչափով շարունակել գործընթացը, մենք պետք է նոր տարբերակներ մտածենք: Եվ այն, որ համանախագահներից մեկը, որքան հիշում եմ` ամերիկացի նախագահն է ասել, որ Մադրիդյան և այլ ինչ-որ տարբերակներ կարող են քննարկվել, պարզ է, որ դրանով կամաց-կամաց շրջանառության մեջ է դրվում հնարավոր այս գործընթացի մեկնարկը: Անկասկած, դա կարևոր է, քանի որ թույլ կտա Արցախին վերադառնալ բանակցային սեղան:
-Պարո՛ն Բաբայան, ես Ձեզ ճի՞շտ հասկացա, ասում եք, որ երբ ինչ-որ ժամանակ հետո պարզ դառնա, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի, ապա Արցախը կվերադառնա բանակցություններ:
-Այո՛: Ուղղակի պետք է խնդիրը տարանջատենք, հասկանանք` ինչ է կատարվում: Ներկա դրությամբ, պարզ է, որ կարգավորումը շատ ու շատ հեռու է, այնքան հեռու ենք մենք վերջնական կարգավորումից: Սրա համար կան բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում նաև` ներկա խեղաթյուրված ձևաչափը, (Արցախի մասնակից չլինելը – խմբ.) Ադրբեջանի կողմից ագրեսիվ, ֆաշիստական քաղաքականությունը, և ներկա դրությամբ ամենից կարևորը կայունության և խաղաղության պահպանումն է տարածաշրջանում: Եվ կարող եմ ասել, որ վերջին գործընթացին Արցախը լիարժեք մասնակցում է, քանի որ իրենք հանդիպում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի իշխանությունների հետ: Կայունության պահպանման տեսանկյունից մենք լիարժեք ներգրավված ենք, ուրիշ բան է կարգավորումը, որը շատ երկար գործընթաց է:
-Եթե ես չեմ սխալվում` բանակցություններից առաջ և հետո Հայաստանը հանդիպում է Արցախի իշխանությունների հետ, և կարելի է ասել, որ Արցախն անուղղակիորեն է ներգրավված:
-Մեկ բան է, որ հանդիպում են, ինչ-որ բաներ են քննարկում, մեկ այլ բան է, որ բանակցային լիարժեք ձևաչափում է ընթանում: Սրանք տարբեր բաներ են. գիտեք` ուղղակի պիտի լինի, այլ ոչ թե մենք իմանանք միջնորդներից կամ Հայաստանից կամ այլ աղբյուրներից: Դա այդպես չէ, եթե այդպես լինի, կարող է` առհասարակ Հայաստանն էլ չմասնակցի կամ Ադրբեջանը, իրար հետ այսպես՝այլ խողովակներով շփվեն: Բայց չէ՞ որ անմիջական շփումն է կարևոր:
-Շատ լավ, պարո՛ն Բաբայան, փաստորեն, կստացվի գործընթաց` զրոյից: Ի՞նչ պետք է արվի ամբողջ անցած ճանապարհի, համաձայնեցված սկզբունքների հետ։
-Սկզբունքները … որևէ բան համաձայնեցված չէ, եթե համաձայնեցված չէ ողջ փաթեթը : Գործում է բանաձևը, որ ոչինչ համաձայնեցված չէ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ: Այս սկզբունքը գործում է ի սկզբանե: Հետևաբար, համաձայնեցված է մեկ բան` հարցի խաղաղ կարգավորում: Եվ միջնորդները ևս մեկ անգամ դրա մասին հատուկ ընդգծել են: Սա է ամենից կարևորը, իսկ կարգավորումը, երբ կլինի, ինչ ձևով, ցույց կտա ժամանակը: Բայց առանց Արցախի մասնակցությանը բոլոր փուլերին անհնարին է դա լինելու:
-Սկզբունքներ ասելով` նկատի ունենք Մադրիդյա՞ն սկզբունքները, որ դրանք համաձայնեցված չեն:
-Ոչ, ընդհանրապես միջազգային սկզբունքները,Մադրիդյան սկզբունքները մենք պիտի մի քիչ այլ ձևով հասկանանք, ոչ թե բառացիորեն: Տեսե՛ք ինչ է տեղի ունենում. միջնորդներ են, միջնորդների գործը ո՞րն է. լսել կողմերին: Հիմա, կողմերից մեկը` Ադրբեջանը, պնդում է տարածքային ամբողջականության վրա, և պարզ է, որ իրենք այդ սկզբունքն էլ պիտի ընդգրկեն բանակցային փաթեթի մեջ, որ բանակցեն, մենք պնդում ենք ազգերի ինքնորոշման և այլ սկզբունքների վրա: Այս սկզբունքը նույնպես մտնում է (փաթեթի մեջ- խմբ.): Բայց սա չի նշանակում, որ նրանք առաջնորդվելու են մեկ սկզբունքով` մյուսները անտեսելով: Նրանք պիտի այդ բոլոր սկզբունքները փաթեթի նման պատրաստեն և կողմերը սկսեն դրանց շուրջ բանակցել: Այս պահի դրությամբ և նույնիսկ տեսանալի ապագայում դժվար է պատկերացնել, թե կարելի է կազմել Ադրբեջանի նման պետության հետ վերջնական պայմանավորվածության վերաբերյալ համաձայնություն: Բայց բոլորի շահերը համընկնում են հարցում, որ պիտի պահպանվի կայունությունն ու խաղաղությունը, քանի որ դա է հնարավորություն տալու` հետագայում գործընթացը ավելի լիարժեք ձևով սկսել:
-Ասում եք` Ադրբեջանը կընդդիմանա Ղարաբաղի` բանակցային գործընթացին ներգրավվելուն, այսուհանդերձ, շատ քաղաքական վերլուծաբաններ նշում են, որ Արցախը դուրս մնաց բանակցային սեղանից, երբ ԼՂ նախկին նախագահ` Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ և ներկայացրեց «երկուսը մեկում»` Հայաստանն ու Ղարաբաղը:
-Սա ուղղակի համընկել է գործընթացներին, բայց սրանով չէ, որ բանակցային գործընթացը խեղաթյուրվել է, որովհետև օրինակ` Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ ամրագրվեց, որ կան երեք կողմեր` Հայաստան, Արցախ, Ադրբեջան: Ո՞նց կարող է մեկ անձնավորություն փոխի, եթե ողջ միջազգային հանրությունը ընդունել է, որ կա երեք կողմ: Դա մեկ անձի որոշում չի կարող լինել, եթե նույնիսկ ինչ-որ մեկը նման որոշում է փորձել տանել, ապա նույն միջազգային հանրությունը պետք է ասի, որ սա խախտում է այն սկզբունքները, որոնք բոլորս ընդունել ենք Բուդապեշտի գագաթնաժողովում: Հետևաբար, ինձ թվում է, որ սա մի պատճառ է, որը շահարկվում է, բայց իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանն է կանգնած նաև … մեկ մարդը չի կարող բեկանել ԵԱՀԿ-ի որոշումը: Սա կարող է անել միայն կողմերից մեկը` Ադրբեջանը, որն ամեն ինչ արեց, որ դուրս մնանք: Ուղղակի սպառնալիքների, շանտաժի միջոցով` չկարողանալով կուլ տալ, որ Արցախի նախկին նախագահը դարձել է Հայաստանի նախագահ:
-Բայց տասնհինգ տարի շարունակ այս ձևաչափն է գործում:
-Տասնհինգ տարի շարունակ գործում է մեկ նպատակ,դրա շուրջ են բանակցում, որպեսզի կայունությունն ու խաղաղությունը պահպանվեն: Իսկ տեսե՛ք` տասնհինգ տարում ինչքան բան է փոխվել. և՛ համանախագահներն են գալիս Արցախ, և՛ ԵԱՀԿ գործող նախագահի հետ ենք հանդիպում, և՛ բազմաթիվ նահանգներ ճանաչում են Արցախի անկախությունը, և՛ հարաբերություններ ենք ստեղծում տարբեր պետությունների հետ, և վերջապես` տարբեր պետություններ են ձևավորվում` ինքնորոշման հիման վրա: Այսինքն` ժամանակը, եթե կարողանանք լավ օգտագործել, աշխատում է մեր օգտին:
-ԱՄՆ փոխնախագահը Ստեփանակերտում ասել է, որ չի կարող Թուրքիայի անունից խոսել, պարզապես հույս ունի, որ եթե Թուրքիան ցանկանա ինչ-որ դերակատարություն ունենալ, ապա այն պետք է լինի դրական բոլորի համար՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման նպատակով»: Ձեր մեկնաբանությունը:
-Շատ դրական եմ գնահատում, նա նաև, փաստորեն, Թուրքիան մատնանշել է, թե ինչպես պետք է անի; Եթե հիշում եք`մեկնաբանելով` նա ասել է հետևյալը, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այ սա է բանաձևը, որ նա Թուրքիային հասկացրել է, որ երբեք չփորձեք խառնել հայ-թուրքական հարաբերությունները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ, որ սրանք տարբեր գործընթացներ են: Այսինքն` եթե Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ բարելավում է, դա ինքնին կլինի Թուրքիայի դրական այլը գործընթացին: Ուրիշ տարբերակ չկա:










