American Airlines-ը 135 մլն դոլար կվճարի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժած ընկերությանը

10:19 • 18.12.13

American Airlines ավիաընկերությունը համաձայնվել է 135 մլն դոլար փոխհատուցում վճարել Cantor Fitzgerald ընկերությանը, որը 658 աշխատակից է կորցրել Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ընկերության գրասենյակը Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներից մեկում զբաղեցրել է մի քանի հարկ, որին բախվել է ահաբեկիչների առևանգած American Airlines-ին պատկանող ինքնաթիռը։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչության պահին ընկերությունում աշխատել է մոտ 1.000 մարդ։

 

Cantor Fitzgerald-ի և American Airlines-ի համաձայնության հասնելու մասին հայտարարել է նյույորքցի դատավոր Էլվին Հելերսթայնը։ Նրա խոսքով՝ այս համաձայնությունը վերջակետ է դնում ավիաընկերությունների և ընկերությունների միջև գործընթացներին, որոնց աշխատակիցները զոհվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ։