Քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, մահապատիժ չէ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն

12:06 • 18.12.13

Քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, դա մահապատիժ չէ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը` տեղեկացնելով, որ քաղցկեղն իրեն բնորոշ ախտանիշ չունի. այն թաքնվում է տարբեր հիվանդությունների ախտանիշների տակ:

 

«Որքան շուտ հայտնաբերվի, այնքան հեշտ կլինի բուժումը: Բուժման հարցում մենք ունենք հաջողություններ»,-ասաց Գագիկ Բազիկյանը:

 

Ըստ մասնագետի տվյալների ՀՀ-ում տարեկան 8.000 մարդ է առաջին անգամ հիվանդանում քաղցկեղով: Համեմատություն անցկացնելով նախորդ տարվա հետ՝ Գագիկ Բազիկյանը նշեց, որ հիվանդացության աճ կա. 2008թ. համեմատ հիվանդության 13.4% աճ է գրանցվել, բայց մի փոքր պակասել են մահացությունները:

 

«Սա նշանակում է, որ բուժման ընթացակարգը բարելավվել է: Մոտ 10.000 հիվանդ է մեր կլինիկայում բուժում ստանում: Մեր կլինիկան ունի պոլիկլինիկական մաս, որտեղ հիվանդները մեր հսկողության տակ են գտնվում, մինչև իրենց կյանքի վերջը»,-իր խոսքում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը:

 

Հայաստանում առաջին տեղում թոքի քաղցկեղն է. տարեկան մոտ 1000 մարդ հիվանդանում է թոքի քաղցկեղով: Բանախոսի հաղորդմամբ՝ երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ երրորդ տեղում՝ ստամոքսի քաղցկեղը: Վերջին տարիներին աճել է շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվը: