Վճռաբեկ դատարանն ինքն է թույլ տալիս օրենքի խախտումներ. փաստաբան

12:22 • 18.12.13

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր առաքելությունն իրականացնելու փոխարեն ինքն է թույլ տալիս օրենքի դրույթների խախտում: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց փաստաբան Աշոտ Ոսկանյանը:

 

«ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցը բաղկացած էր երկու մասից: Սակայն հիմնական թիրախն ընտրվեց կաշառակերության հարցը և անտեսության մատնվեց Վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված սխալները: Վճռաբեկ դատարանի կողմից երկակի վարույթ ընդունելու հանգամանքներն արդեն դարձել են սովորական»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

 

Նրա խոսքով՝ օրենքի միատեսակ կիրառության կարգը խախտելով՝ Վճռաբեկ դատարանը չի նպաստում արդարադատությանը. «Ես կարող եմ օրինակներով ապացուցել, որ Վճռաբեկ դատարանի նման գործելաոճը թույլ է տալիս ստորադաս դատարաններին նույնպես խախտել օրենք»:

 

Ինչ վերաբերում է այդ վիճակից դուրս գալու ելքերին, նա նշեց, որ դա, միանշանակ, կլինի օրենքի հավասար կիրառումը: «Այդ պարագայում խնդիրն իր լուծումը կստանա: Օրինակ՝ ինչ վիճակ էր Վրաստանում մինչև Սաակաշվիլիի իշխանության գալը: Ամենակոռումպացված մարմինը Ճանապարհային ոստիկանությունն էր: Նա որոշ ժամանակ հետո նոր մարմին ստեղծեց, փոխեց վիճակը»,-ասաց նա: