Ով շոր ունի, Ձմեռ պապ ա. Ամանորի գիշերը Ձմեռ պապ և Ձյունանուշ պատվիրելու գները փոխվել են
Ամանորի տոներին ընդառաջ Ձմեռ պապերի և Ձյունանուշների ծառայությունների վերաբերյալ Երևանում հայտարարությունների տախտակներին հայտնված հայտարարությունների հետքերով Tert.am-ը փորձեց ճշտել ծառայությունների մատուցման սակագները. եթե ցանկանում եք, որ Ամանորի գիշերը նրանք ձեր տուն այցելեն, պետք է վճարեք 30-40 հազար դրամ՝ կախված ծառայության պայմաններից: Նշենք, որ նախորդ տարի այդ գինը չէր անցնում 35000-ից:
Մինչդեռ 2004թ.-ից այդ գործով զբաղվող մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ տարիների համեմատ գներն էժանացել են: «Հիմա ով շոր ունի, էս գործով ա զբաղվում»,-նկատեց նա՝ ավելացնելով, որ ինքն այս տարի արդեն նախորդ տարիների պես «շուքով» չի զբաղվում այս գործով, քանի որ շահույթը քիչ է. «Էս տարի որոշեցի էլ գումարներ չներդնեմ այս գործում, քանի որ անցած տարի շահույթ չեղավ: Ես որակի վրա մեծ ուշադրություն եմ դարձնում, դրա համար գինն ավելի բարձր եր, պատվիրատուները քիչ էին»:
«Ձմեռ պապ» կազմակերպությունից որպես հաճախորդ տեղեկացանք, որ եթե ուղիղ ժամը 12:00-ին ձեր դուռը ծեծեն Ծմեռ պապն ու Ձյունանուշը և ձեզ հետ անցկացնեն 15 րոպե, ապա դրա համար պետք է վճարեք 30000 դրամ: Նոր տարվա ընթացքում դա այս կազմակերպությունում Ձմեռ պապի և Ձյունանուշի համար վճարվող ամենաբարձ գինն է: Ժամը 1.00-ից հետո այդ գինը դառնում է 20000 դրամ, իսկ արդեն ժամը 2.00-ից հետո՝ 15000 դրամ: Տոնական մյուս օրերին այդ ծառայության դիմաց վճարվող գինը «Ձմեռ պապ» կազմակերպությունում մնում է 15000 դրամ:
Կազմակերպությունից նաև տեղեկացանք, որ ծառայության մեջ մտնում են մինչև 5000 դրամ արժողությամբ խորհրդանշական նվերներ և փոքրիկ շոու ծրագիր: Խմբի հետ գալիս է նաև մենեջերը, որին էլ ծառայության ավարտից հետո վճարում են գումարը:
Կազմակերպությունում նախապես պատվեր տալու մասին ասացին, որ որքան շուտ դա արվի, այնքան` լավ:
Նման ծառայություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գայանե Սմբատյանի փոխանցմամբ՝ իրենց մոտ Ամանորի գիշերը ժամը 11-ից մինչև 1-ը Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայությունն արժե 40000 դրամ:










