Հարվարդի համալսարանն «ականապատել» էր քննություն հանձնել չցանկացող ուսանողը
Հարվարդի համալսարանի տարածքում տեղադրված ռումբերի մասին կեղծ հաղորդագրությունը, ըստ քննիչների, ուղարկել է ուսանողներից մեկը, որը չի ցանկացել քննություն հանձնել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Ամերիկյան դատախազությունը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել ուսանող Էլդո Քիմին: Ըստ քննիչների՝ նա է դեկտեմբերի 16-ի առավոտյան էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ տարածել Հարվարդի համալսարանի տարածքի երկու շենքերում տեղադրված ռումբերի մասին:
Դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ իբր ականապատ շենքերից մեկում դեկտեմբերի 16-ի առավոտյան Քիմը պետք է քննություն հանձներ: Քիմին սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
Ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով դեկտեմբերի 16-ի առավոտյան տարհանվել են Հարվարդի համալսարանի չորս շենքերը:










