Թուրքիայում 2 տարվա ազատազրկման դատապարտված Նշանյանի գիրքն այդ երկրի «եղած-չեղածի ռենտգեն» է. Ս. Հացպանյան
Թուրքիայում երկու տարվա բանտարկության է դատապարտվել հայազգի լեզվաբան Սևան Նշանյանը իր` «Սխալ հանրապետություն», մի քանի այլ գրքերի և Մուհամմեդ Մարգարեի մասին վերլուծության պատճառով: Բայց թուրքական դատարանը հայ լեզվաբանի դատապարտման իրական պատճառը փորձել է շղարշել` Զմյուռնիայում նախկին հունական գյուղում ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով: Ի դեպ, դատախազությունը նրա համար պահանջել էր չորս տարի:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պոլսահայ հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` մանրամասնելով, որ առհասարակ, Սևան Նշանյանի նկատմամբ կա 19 հայց` ընդհանուր 260 տարվա դատապարտման պահանջով:
Տարիներ առաջ հեղինակի` «Սխալ հանրապետություն» գրքի հրատարակումից անմիջապես հետո սկսվել են հեղինակի նկատմամբ դատավարությունները: Անդրադառնալով «Սխալ հանրապետություն» գրքին` Սարգիս Հացպանյանը նշեց. «Այն Թուրքիայի ամբողջ եղած-չեղածի, էսպես ասած ` ռենտգեն է: Սկսվում է Սևրի պայմանագրով, Լոզանի պայմանագրով, ազգային Հայաստանի ստեղծմամբ, և մնացած հարցերն ու պատասխանները կան»:
«Իսկ երեկ չէ առաջին օրը «Ակօս» շաբաթաթերթում իր դատապարտման պատճառը նշելով, նա ասում է` սա այն չէ, ինչ համար ինձ դատապարտում են, սա վարագույրն է, շղարշն է»,- ներկայացրեց Սարգիս Հացպանյանը:
Նա մանրամասնեց, որ դատապարտման պատճառներից է նաև Մուհամմեդ մարգարեի մասին պատմող Նշանյանի հոդվածների շարքը, որը մեծ արձագանք է գտել շարիաթական Թուրքիայում:
Սարգիս Հացպանյանը հավելեց, որ հայ լեզվաբանը ազատազրկման է դատապարտվել ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով Զմյուռնիայում՝ հունական մի գյուղում, որի սեփականությունը ձեռք է բերել` այդ հողերը գնելով: Ինքը`Նշանյանը հայտարարել է, որ իրեն ազատազրկում են որպես հայի` 2015-ին ընդառաջ:
Սարգիս Հացպանյանը նկատեց, որ օրերս Հայաստանում` Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին ՀՀ արտգործնախարարությունից նվիրել են Վերժինե Սվազյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը, և նա ասել է, որ «ես սա օդանավում կսկսեմ կարդալ»:
Հիշեցնենք, որ այն թարգմանել և Թուրքիայում հրատարակել է հայտնի հասարակական գործիչ Ռագըփ Զարաքօլուն:
Սարգիս Հացպանյանը նկատեց, որ այս բանտարկության մասին վճիռը արձակվել է Դավութօղլուի կողմից «գիրքը կարդալուց» հետո, այն Դավութօղլուի, ով Երևանում հայ և թուրք ժողովուրդների բարեկամության մասին էր խոսել:










