Դ!ԵՄ ԵՄ. նոր սոցիալական հոլովակ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին (տեսանյութ)

09:44 • 18.12.13

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» նախաձեռնությունը, որի անդամները պայքարում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ ստեղծել են սոցիալական հոլովակ՝ իրենց պայքարի մասին ավելի լայն զանգվածներին իրազեկելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ ըստ նոր համակարգի՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը պետք է պարտադիր կարգով փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այս գումարները որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

 

Նախաձեռնությունը, որի ֆեյսբուքյան խումբն ունի մոտ 20.000 անդամ, սկզբնավորումից ի վեր մոտ մեկ ամսվա ընթացքում կազմակերպել է բողոքի տարաբնույթ ակցիաներ՝ ավտոերթ, հեծանվաերթ, Ձմեռ պապիկների քայլարշավ: 

 

Հիշեցնենք նաև, որ օրերս Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ դրական էր գնահատել նոր համակարգը:

 

Դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները և «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամներն Երևանի Ազատության հրապարակից կազմակերպել էին երթ դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Դիմումը, ըստ սահմանված կարգի, հանձնվել էր Սահմանադրական դատարանին: