Վերջ ազգուրաց վարչախմբին. Նախախորհրդարանը երթերի շարք է ծրագրել
«Ազգային նպատակների և խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց» մեկնարկած խմբի՝ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է երթ:
«Միացե´ք դիմադրությանը: Հաջորդ երթը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00, Ազատության հրապարակից»,-գրել է կինոռեժիսորը:
Tert.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ երթերը լինելու են ամենշաբաթյա:
«Երթի սկիզբը լինելու է Ազատության հրապարակից, լինելու ենք տարբեր թաղամասերում: Խոսքը վերաբերում է Համահայկական շարժման ձևավորմանը, Հիմնադիր խորհրդարան ստեղծելուն: Այսինքն` երթերը կունենան իրազեկման բնույթ»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ Նախախորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ներկայացվում էր Նոր որակի հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները: Նպատակն է` ապահովել այնպիսի համակարգ, որ երկրի կառավարումը չհայտնվի «ստրկամիտ և նյութապաշտ մարդկանց ձեռքին», իսկ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) ազատագրվի նորգաղութային կախյալությունից:
Ըստ հաղորդագրության՝ 65 անդամ ունեցող Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշներ են` գործունակությունը, հայերենի իմացությունը, «Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) նորգաղութային իրավիճակի հաղթահարման և նոր որակի հայկական պետության ձևավորման համահայկական շարժման» ծրագրի և Նախախորհրդարանի մշակած ու ընդունած` «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգ»-ի նախագծի ընդհանուր դրույթների հետ համաձայնությունը, 27 տարին լրացած լինելու հանգամանքը (21-27 տարեկան անձանց համար սահմանվում է մասնաբաժին` մինչև 5 տեղ), բարձրագույն կրթությունը, ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա պետության քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ լինելու հանգամանքը (ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի համար սահմանվում է մասնաբաժին` մինչև 11 տեղ), Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի պահից ՀՀ (ներառյալ Արցախը) տարածքում մշտական բնակությունը և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար սահմանված կարգով դիմում ներկայացրած լինելու հանգամանքները և այլն:
Հիմնադիր խորհրդարանի անդամները չեն կարող Հայաստանում կամ Արցախում զբաղեցնել պաշտոններ, ինչպիսիք են` նախագահի, Ազգային ժողովի նախագահի կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալի, վարչապետի կամ փոխվարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի անդամի, նախագահի կամ կառավարության աշխատակազմի ղեկավարի կամ տեղակալի, մարզպետի կամ մարզպետի տեղակալի, Երևանի քաղաքապետ կամ Երևանի քաղաքապետի տեղակալի և այլ պաշտոններ:










