Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը դատապարտել են Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի սպանությունը

10:45 • 18.12.13

Ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանն արձագանքել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանին օրեր առաջ հայ զինվոր Հրանտ Պողոսյանի սպանության դեպքին։

 

Ինչպես տեղեկացնում է Asbarez.com կայքը, Շիֆը, մասնավորապես, ասել է, որ շփման գծում հայ զինվորի հերթական սպանության դեպքը հայկական զինուժի դեմ Ադրբեջանի զինուժի կողմից անհիմն հարձակման հետևանք է։ Շիֆի խոսքով՝ անհնար է հերքել այն փաստը, որ նման դաժանությունները հրահանգվում են «վերևներից»։

 

«Ուղղակի հարկավոր է վերհիշել, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը փառաբանել Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի իրագործած դաժանությունը։ Բաքվի նոր սպանության դեպքը չի կանգնի արդարադատության առաջ, քանի դեռ միջազգային հանրությունը չի պահանջում, որ նման բարբարոսություններին վերջ դրվի»,- նշված է Շիֆի հայտարարության մեջ։

 

Մինչդեռ Շերմանն ասել է, որ հայ զինծառայողի սպանության դեպքը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Ադրբեջանը լուրջ տրամադրված չէ Հայաստանի և Արցախի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման գործին։

 

«Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայ-ադրբեջանական բանակցությունների կապակցությամբ հակամարտող կողմերին հրադադարի խնդրանք է ուղղվել, սակայն ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողի։ Կրակ բացելու համար Ադրբեջանը որևէ հիմք չի ունեցել, քանի որ հայկական կողմը չի խախտել հրադադարի խնդրանքը»,-նշված է եղել Շերմանի տարածած հայտարարության մեջ։

 

Կոնգրեսականը նաև հավելել է, որ Ադրբեջանի գործողությունները շարունակում են վնասել խաղաղ կարգավորման գործընթացին և այդ ուղղությամբ անարգում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը։

 

Շերմանը եզրափակել է ՝ ասելով, որ ինքը շարունակելու է կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին՝ խաղաղության ու անվտանգության հաստատման համար նրանց մղած պայքարում։