Զանգեզուրում արգելավայրերի ստեղծումը հակասում է հանքարդյունաբերությանը. բնապահպանները` Խուստուփն արգելավայր դարձնելու մասին
Վաղը Կառավարության հաստատմանը կներկայացվի «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Այդ առիթով Tert.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ տարածքն իր կենսաբազմազանությամբ յուրահատուկ են համարում, քանի որ այնտեղ գոյություն ունեն միջազգային Կարմիր գրքում ներառված մի շարք բուսատեսակներ, կենդանատեսակներ և թռչնատեսակներ:
«Օրինակ` այնտեղ ունենք անգղի տեսակներ, որոնք գրանցված են մեր Կարմիր գրքում, իսկ սև անգղը գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Բայց ես մի քիչ կասկածանքով եմ վերաբերում Զանգեզուրում ստեղծվող արգելավայրերին, որովհետև այդտեղ մենք ունենք լուրջ խնդիրներ` կապված հանքարդյունաբերության հետ: Բոլորս գիտենք, թե այստեղ ինչ մեծ թափ է առել հանքարդյունաբերությունը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այն գումարներ, որ ներդրվում են արգելավայրերի ստեղծման համար, կհասնեն իրենց նպատակին»,-ասաց նա՝ միաժամանակ դրական համարելով նոր արգելայրերի ստեղծումը:
Սիլվա Ադամյանն անդրադարձավ Հայաստանում արդեն գործող արգելավայրերին և դրանց պատշաճ կերպով պահպանելուն ու հիշեցրեց, որ դրանցում հաճախ են կատարվում օրենքով արգելվող երևույթներ:
«Հիշում եք, չէ՞, որ Խոսրովի արգելոցում ապօրինի շինություն կառուցվեց: Իհարկե` բոլորս ոստքի կանգնեցինք ու ինչ-որ չափով հարցը լուծեցինք, բայց հարցը մինչև վերջ լուծված չէ, քանի որ շենքը դեռ կանգուն է: Նման օրինակները շատ են: Մենք չունենք հատուկ պահպանվող տարածքներ, որոնք իրոք պահպանվում են, տեսեք, թե ինչ ենք անում օրինակ` Սևանի հետ: Դրանք պետք է ծառայեն իրենց բուն նպատակին, ինչպես տարիներ առաջ էր: Այդտեղ պետք է գիտական աշխատանքներ իրականացվեն, յուրահատուկ լուսանկարներ արվեն»,-ասաց նա:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը ևս կարևորեց «Խուստուփ» պետական արգելավայրի ստեղծումը, քանի որ այստեղ կա օրինակ` կովկաասյան մայրահավ, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում:
«Սա շատ լավ բնակավայր է բիզուարյան այծերի բնադրման համար, նաև հովազ էր երևում այդ տարածքներում, քանի որ այծերը նրա որսատեսակներն էին: «Խուստուփը» կարևոր է մեզ համար, այն կարևորագույն թռչնաբանական տարածք է և ընդգրկված է միջազգային ծրագրերի մեջ»,-ասաց նա:
Միաժամանակ` Մամիկոն Ղասաբյանն ընդգծեց, որ նորն ստեղծելու հետ միասին անհրաժեշտ է պահպանել հինը: Նա նշեց, որ կենդանական աշխարհը շարժողական է, ու նրա միգրացիոն ճանապարհները պետք է պահպանության տակ առնել:
«Բայց հաճախ իմանում ենք, որ որս են անում. վերջերս Եղեգնաձորում արջ էին խփել, բեզուարյան այծ էին խփել, ու դա եղել է պահպանվող տարածքներում: Պետք է լուրջ ուշադրություն դարձվի հատկապես` այն տարածքներին, որտեղ բնակվում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիները, բուսատեսակները և այլն: Դրանք բնության արժեքներ են ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:
Մամիկոն Ղասաբյանը ևս ընդգծեց հանքարդյունաբերության խնդիրը, բայց նաև` ավելացրեց ՀԷԿ-երի կառուցումը, երբ գետը առնվում է խողովակների մեջ, ինչը միկրոկլիմայի փոփոխման պատճառ է դառնում:
«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է համադրել արգելավայրերն ու հանքարդյունաբերությունը: Մի կողմից` ստեղծում ենք, մյուս կողմից` քադում: Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա նշեմ, որ «Շիկահող» արգելավայրի տարածքում դրանք կառուցվում են ու փոխում միկրոկլիման, իսկ դրա հետ կապված` հազար բան է փոխվում: Սա շղթա է»,-ասաց նա:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, անդրադառնալով վերանշյալ խնդիրներին, վերահաստատեց, որ տարածքը յուրահատուկ է նրանով, որ այստեղ էնդեմիկ կենսաբազմազանություն կա՝ կենդանիներ, թռչուններ, բույսեր, սողուններ և այլն, ապա նշեց.
«Արգելավայրն ընդգրկելու է Խուստուփ լեռան ստորոտն` իր գագաթով, ընդհանուր առմամբ` 7000 հա: Սա մեծ տարածք չէ, և այստեղ հանքարդյունաբերություն չկա: Մենք աշխատել ենք այնպիսի տարածքներ ներառել, որ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության կարևորագույն տարածքները չլինեն, բացի այդ` այն ունենալու է արգելավայրի կարգավիճակ»,-ասաց նա:
Նախարարության աշխատակիցն ընդունեց, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Նա նշեց, որ ՀՀ-ում գործող արգելավայրերի սահմանները գծվել են դեռևս 1958 թ-ին, և այսօր դրանք վերանայման կարիք ունեն, քանի որ այսօր հիմնական շեշտը դրվում է կենսաբազմազանության պահպանման վրա:
«Մենք ունենք խնդիրներ, որոնք վերաբերում են համակարգում բարձր որակավորում ունեցող մասնագետների բացակայությանը, ֆինանսական խնդիրներ կան, ա գիտնականների շխատավարձերը ցածր են, ու մենք չենք կարողանում բավարար քանակով մասնագետներ ուղարկել, որ արգելավայրերում գիտական աշխատանքով զբաղվեն»,-ասաց նա և տեղեկացրեց, որ բացը լրացնելու համար համագործակցում են ԳԱԱ-ի ինստիտուտների մասնագետների հետ:










