Սիրիայում «Ալ Կաիդան» թուրք լրագրող է առևանգել
Թուրքական «Միլլիյեթ» թերթի ֆոտոթղթակից Բինյամին Այգունը, ով երեք շաբաթ անհետ կորած էր համարվում, առևանգվել է Սիրիայում կռվող «Ալ Կաիդայի» զինյալների կողմից:
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, նոյեմբերի 26-ին Սիրիայի Սելքին գյուղում աշխատելու ընթացքում նա զանգահարել է խմբագրություն և տեղեկացրել, որ ապստամբ խմբավորումներից մեկը ցանկանում է հանդիպել իր հետ: Դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չէր եղել:
Այժմ տեղեկություն է տարածվել, որ նա ահաբեկչական խմբավորման ձեռքում է: Լրագրողի ազատ արձակման հարցով զբաղվում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Պաշտոնյաները նշում են, որ Այգունը ողջ է, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, և այժմ աշխատանքներ են ընթանում լրագրողին ազատ արձակելու ուղղությամբ:










