Թբիլիսիի քաղաքապետին մեղադրում են 30 մլն դոլար վատնելու համար
Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրանք է ներկայացրել. նա մեղադրվում է պետական միջոցները վատնելու համար, տեղեկացնում է «Новости Грузия» գործակալությունը:
Հետաքննության տվյալներով՝ պաշտոնյան քաղաքի զարգացման հիմնադրամից 48 մլն լարի (մոտ 30 մլն դոլար) է ուղղել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընտրարշավին, որը տեղի էր ունեցել 2012թ.-ի հոկտեմբերին:
Քաղաքապետից բացի, գործում նշվում են նաև նրա տեղակալների անունները:
Այսօր Ուգուլավան կանչվել է դատախազություն՝ հարցաքննության, ինչից հետո հայտարարել է, որ իր դեմ քննությունը քաղաքական դրդապատճառներ ունի:
«Հաջորդ տարվա մայիսին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջադրել է Ենթակառուցվածքների և սոցիալական զարգացման նախարար Դավիդ Նարմանիայի թեկնածությունը, որը «զրոյական» աջակցություն ունի թբիլիսցիների շրջանում, և գործող իշխանությունների համոզմամբ՝ պետք է ճանապարհից մաքրել քաղաքապետի իրական թեկնածուին»,-ասել է Ուգուլավան:










