Ուկրաինան ԵՄ-ի հետ 5 համաձայնագիր կստորագրի. Ազարով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ երկրի կառավարությունը Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման շուրջ աշխատանքների շրջանակում պատրաստվում է 5 համաձայնագիր ստորագրել, գրում է gazeta.ru-ն:
«Մեր կառավարությունը, ինչպես նախատեսվում էր, կշարունակի եվրոպական ինտեգրման շուրջ համակարգային աշխատանքը: Այսօր կառավարությունը «կանաչ լույս» է տալիս Ուկրաինայի և Եվրոպական միության միջև հինգ համաձայնագրերի ստորագրման համար»,- ասել է Ազարովը:
Նա նշել է, որ նման փաստաթղթերի թվում են համաձայնագրեր, որոնք աջակցում են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնություններին՝ ուղղված «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում ինստիտուցիոնալ բարեփոխումներ ներդնելուն, հասարակությանն ուղղված «Տեղական զարգացում» ծրագրերը, Ուկրաինային աջակցության ծրագրերը՝ միգրացիոն գործընթացների կառավարման և ապաստանի տրամադրման հարցով:
Բացի այդ, վարչապետը նշել է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև միջուկային անվտանգության ամենամյա ծրագիրը, Ուկրաինայի էներգետիկ ռազմավարության զարգացման իրականացման աջակցության շարունակությունը, որը նախատեսում է շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատում:










