Լուրջ հիմնավորումներ կան Կառավարությանն անվստահության խնդիր բարձրացնելու համար, բայց խմբակցությունները դեռ չեն քննարկել հարցը
ԱԺ երեք ոչ իշխանական խմբակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», դեռ չեն քննարկել հարցը, թե արդյո՞ք կմիանան Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությանը և Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կբարձրացնեն Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում:
Նշենք, որ ՀԱԿ-ը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ իրենց և գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակի, «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի, ինչպես նաև` այլ իրավախախտումների հիմքով Սահմանադրության 84 հոդվածի համաձայն՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անվստահության խնդիր բարձրացնելու համար իրոք լուրջ հիմնավորումներ կան:
«Այն հիմնավորումները, որոնք վերջին շրջանում ներկայացրեցին մեր ՀԱԿ գործընկերները, ինչպես նաև` գազային սկանդալի հետ կապված հիմնավորումները, որը ներկայացրեցին մեր խմբակցության անդամները, իրապես լուրջ հիմնավորումներ են անվստահության խնդիր բարձրացնելու համար: Մենք կքննարկենք ՀԱԿ մեր գործընկերների առաջարկը և, բնականաբար, իրենց փաստարկները լսելուց հետո մեր տեսակետն անպայման կհայտնենք: Վստահաբար` մենք չենք կասկածում մեր գործընկերների ներկայացնելիք տեսակետների հիմնավորվածության մեջ, որովհետև մենք ևս խիստ վիճահարույց և խնդրահարույց ենք համարում գազային ողջ այս պատմությունը»,-ասաց նա:
«Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ խմբակցությունում հարցը չեն քննարկել: «Կքննարկենք և կանենք` ինչ հնարավոր է, և կմիանանք, քանի որ մենք իսկապես կարծում ենք, որ խնդիրներ կան, և այս քաղաքականությանը դեմ ենք: Բայց, այնուամենայնիվ, չենք քննարկել հարցը, քննարկումից հետո կպատասխանենք»,-ասաց նա:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նախնական նմանատիպ պատասխան տվեց՝ նշելով, որ այդ հարցը պետք է քննարկվի կուսակցությունում, նոր միայն որոշում կայացվի:










