Դատավորը թույլ չտվեց նկարահանել նիստը, Արգիշտի Կիվիրյանն էլ հրաժարվեց մասնակցել դրան (տեսանյութեր)
Armenia Today կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը այսօր բոյկոտեց Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող նիստը։ Պատճառն այն էր, որ նիստը նախագահող Գագիկ Պողոսյանը թույլ չտվեց լրագրողներին տեսանկարահանումներ անել։
Արգիշտի Կիվիրյանը դատավորի այս որոշումը անօրինական համարեց՝ պնդելով, որ դատավորը որևէ կերպ չհիմնավորեց իր պահանջը։
Դատավոր Գագիկ Պողոսյանը սանկցիա կիրառեց լրագրողների նկատմամբ ու պահանջեց, որպեսզի նրանք արագ դուրս գան դահլիճից։
Լրագրողներից մեկը նշեց, որ նիստը դռնբաց է, և քանի որ կողմերից որևէ մեկը դեմ չի արտահայտվել, ապա իր իրավունքն է նկարահանել։
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին հիշեցրեց, որ վերջինս խախտում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը։ Ի պատասխան դատավորն ասաց. «Դավատորի պահանջներին չենթարկվելու համար բոլորիդ դուրս կհրավիրեմ։ Դադարեցրե՛ք նկարահանումը։ Դատարանը իր որոշում կայացրեց, լսեցիք, դա բավարար է»։
Փաստաբանը պահանջեց ներկայացնել որոշման հիմնավորումը, ինչին ի պատասխան դատավորը ընդգծեց, թե հարցը իրեն չի վերաբերում։
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջև նստացույց անելու նպատակով վրան տեղադրելու համար Ոստիկանության կողմից բռնությամբ բերման ենթարկվելու և օրենքով նախատեսված 3 ժամից ավելի բաժանմունքում պահվելու համար։
Միջադեպից հետո դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որի ավարտից հետո ոչ ոքի ներս չթողեցին դահլիճ՝ բացի Արգիշտի Կիվիրյանից։ Վերջինս էլ հրաժարվեց ներս մտնել։ Դատական նիստը շարունակվեց առանց նրա։
Փաստաբան Լուսինե Սահակյանը, դուրս գալով դահլիճից, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը փաստացի գումարել է դռնփակ նիստ, բայց, իր իսկ դիտարկմամբ, նախապես ձևականորեն հայտարարելով թե նիստը դռնբաց է և նկարահանումները թույլատրված են։
«Մենք հայտարարեցինք, որ դատարանը իրավունք չունի նման որոշում կայացնելու, առավել ևս, որ չի պատճառաբանում, մենք հայտարարեցինք, որ չենք պատրաստվում նման ապօրինի դատավարությանը մասնակցել»,– ասաց փաստաբանը։
«Ակնհայտ է, որ սա այն բանի շարունակությունն է, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ սկսվել է դեռ ամիսներ առաջ։ Նա հետապնդվում է իր քաղաքացիական հայացքների ու հասարակական ակտիվության համար, և դատարանները այդ պատվերը կատարում են նաև այս եղանակով, որ դատավարության օրինական ընթացքը չեն պահպանում»,-ավելացրեց Լուսինե Սահակյանը։
Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ դատավորը իրավունք ունի արգելելու նկարահանումները, բայց դրանք պետք է պատճառաբանվեն կամ պետք է լինի կողմերի անհամաձայնությունը։ Սակայն այս պարագայում, նիստը նախագահող Գագիկ Պողոսյանը կողմերի անգամ համաձայնության դեպքում թույլ չտվեց։
Արգիշտի Կիվիրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող մասնակցել նիստին, եթե տեսնում է, որ խախտվում են լրագրողների իրավունքները։
«Մասնակցել նիստին, կնշանակի մասնակիցը լինել այդ ապօրինությանը։ Այդ պատճառով հրաժարվեցի մասնակցել նիստին, որովհետև ակնհայտ է դատարանի շահագրգռվածությունը՝ իրականացնել ապօրինություններ»,-ասաց նա։
Նշենք, որ դատական նիստը շարունակվեց առանց Արգիշտի Կիվիրյանի և նրա փաստաբանների ներկայությամբ։ Լուսինե Սահակյանը նշեց, որ առանց իրենց մասնակցության նիստը շարունակելով դատարանը կրկին ապօրինություն է թույլ տալիս։










