Հայաստանում ընտանիքների մոտ 50%-ը միայն սննդի գումար ունի, իսկ յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը սոված է քնում. Ա.Ադիբեկյան
Աղքատների օգնության միջազգային օրվա կապակցությամբ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, թե Հայաստանում 100 ընտանիքից 85-ի եկամուտը գնում է սննդի և կոմունալ ծախսերի վրա, և մոտ 50%-ը միայն սննդի գումար ունի:
«Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ օրական 2 դոլար ունեցողն աղքատ է համարվում, 1 դոլարից պակաս ունեցողները՝ չքավորներ: Ամերիկայում ընտանիքների 23%-ն աղքատ է: Աշխարհում 2,5 միլիարդ աղքատ կա, որից 1 միլիարդը` չքավոր,-ասաց նա և դառնալով Հայաստանին՝ ավելացրեց,- պաշտոնական տվյալներով մեր ընտանիքների մոտ 37%-ն աղքատ է, որից չքավոր են 7%-ը: Իսկ մեր տվյալներով բացարձակ աղքատների թիվը հասնում է 47%-ի, սուբյեկտիվ աղքատները 27% են կազմում»:
Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու: Դրան հակառակ՝ ընտանիքների մի մասն ավանդներ է կուտակում՝ նվազագույնը հազար դոլարի չափով: Եվ դա հին հայկական հիվանդություն է՝ կուտակել գումարները:
Հարցին, թե ինչ է անում պետությունն այդ մարդկանց համար, սոցիոլոգը նշեց, որ 100.000 ընտանիք ստանում է աղքատության նպաստ՝ ամսական 25.000 դրամի չափով: Եվս 11.000 երեխա ստանում է ամսական 18000 դրամ նպաստ:
«Աղքատության դեմ պետք է նաև պայքարեն տեղական ինքնակառավարման մարմինները: Եկեղեցին, դժբախտաբար լռում է այս հարցում: Պետք է ոչ թե մարդկանց ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք: Պետք է աշխատանքով ապահովենք մարդկանց: Պետք է ոչ թե հարուստներից վերցնենք աղքատներին տանք, այլ աղքատներին աշխատանքով ապահովենք»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքն է: Ամենավատ վիճակում Տավուշն է և սահմանամերձ գյուղերը, որտեղ շուկա չկա, գյուղացին իր բերքը չի կարողանում վաճառել: «Պետք է երկու տասնյակ հզոր գործարաններ ունենանք, որ կարողանանք աշխատատեղերով ապահովել քաղաքացիներին, այդ ժամանակ հնարավոր կլինի իրավիճակ փոխել»,-եզրափակեց նա:










