Կառավարության հրաժարականի պահանջն արհեստական է. Արշակ Սադոյան
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, թեև անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից «առանց հիմնավորման» գազի գնի բարձրացումը և «ՀայՌուսգազարդի» 20% մասնաբաժնի բաշխումը, այն դեպքում, երբ Հայաստանը Մաքսային միություն է մտնում, բայց միաժամանակ արհեսատական է համարում որոշ քաղաքական ուժերի պահանջը, որ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա նման քաղաքականություն վարելու համար:
Tert.am-ի հետ զրույցում Արշակ Սադոյանը նշեց, թե չի կարծում, որ այդ նույն քաղաքական ուժերը տեղյակ չեն, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Մաքսային միություն, գազի սակագին և այլ հարցեր լուծվում են ոչ թե զուտ Կառավարության, այլ հանրապետության Նախագահի մակարդակով:
«Ես համոզված եմ, որ Կառավարության հրաժարականի հարցը դնում են որոշակի ուժեր, նույնիսկ փող են մուծում լրագրողներին, որպեսզի նրանք այդ հարցն անընդհատ թմբկահարեն, թե այստեղ խնդիրը Կառավարությունը չի լուծում: Գիտեք, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություները, Մաքսային միություն, գազի սակագին և այլն, այդ հարցերը լուծվում են հանրապետության Նախագահի և իշխող կուսակցության մակարդակով: Եվ տվյալ դեպում խնդիրը բոլորովին էլ Կառավարությանը չի վերաբերում»,-նշեց նա:
Արշակ Սադոյանի կարծիքով՝ եթե խնդիրը նույնիսկ արհեստականորեն քավության նոխազ գտնելու մեջ է, դա այլ հարց է: «Բայց իրականում պետք է խնդիր դնել, լավ, ինչի՞ համար, հա՞մ գնալ Մաքսային միություն, և ստանալ Ռուսաստանից անորակ և թանկ ապրանքներով պետք է բավարարվեն, փոխարենը եվրոպական ավելի բարձր որակի ապրանքներից հրաժարվենք, և այս ամենից հետո էլ գազը մեր վրա թանկացնեն»,- նշեց նա:
Հանրային խորհրդի անդամի կարծիքով այստեղ շատ անելիք ունի քաղաքացիական հասարակությունը, որը պետք է հետևի Ուկրաինայի դեպքերին և Ռուսաստանին ստիպի հաշվի նստել իր պահանջների հետ:
«Տեսե՛ք, Ուկրաինայում դեպքեր եղավ, ու 1/3-ով կրճատեցին գազի գինը, դեռ մի բան էլ 15 մլրդ դոլարի վարկ խոստացան տալ: Ես կարծում եմ՝ մեր մոտ էլ է անհրաժեշտ բողոքի ալիքներ, որպեսզի համապատասխան մթնոլորտ ստեղծվի և ոչ թե արհեսատական քավության նոխազ մեղքը գցել այս կամ այն անձի վրա»,- նշեց նա:
Ըստ Արշակ Սադոյանի՝ գազի գնի թանկացման հարցում մեղքի իր բաժինն ունի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Շատ ցավալի է, որ առանց հիմնավորման գազի գինը բարձրացնում են; Գիտեք այս տարի օրենքով գազի գինը պիտի չբարձրանար, որովհետև սահմանի վրա Ռուսաստանի թանկացմանը պահպանել է նույն գինը, դրա փոխարեն վերցնելով մեր 20% մասնաբաժինը, որն ավելի էր, քան տարեկան այդ գազի գինը»,– ասաց նա:
«Բացի դրանից, օգտվելով առիթից «ՀայՌուսգազարդը» թանկացրեց նաև գազը՝ առանց հիմքի, և շատ ցավալի է, որ մեր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, այսպես պարեց նրանց դուդուկի տակ»,- ասաց նա և նշեց, թե կոնկերտ Հանրային խորհուրդը այդ հարցի շուրջ իր բողոքն արտահայտել է, բայց քանի որ ընդամենը խորհրդատվական հնարավորություններ ունի, ոչնչի չի հասել:
Արշակ Սադոյանը նաև կարծիք հայտնեց, թե հաշվի առնելով այս ամենը, նաև Ուկրաինայի դեպքերը, պետք է հետևողական պայքարել, թեկուզ որպեսզի գազի գները այդպես արհեստականորեն չբարձրանան և «այդպիսի էժանագին խարդախություններ չկատարվեն»։










